Հայերը նախընտրում են թանկարժեք ժամացույցներ

Շվեյցարիայի ժամացուցային արդյունաբերության միության տվյալներով, սեպտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվող SWATCH ժամացույցի վաճառքի ծավալները նվազել են 2.7%-ով: Անկումը նկատելի է հատկապես Չինաստանում, որտեղ այն կազմել է 28%, և Հոնկոնգում՝ 20%:

Արդյունաբերության վրա ազդում է տնտեսության դանդաղ զարգացումը, առաջին հերթին՝ Չինաստանում, ինչպես վստահ են փորձագետները:

Ընթացիկ տնտեսական տարվա առաջին 5 ամիսների ընթացքում  ընկերության հասույթն աճել է 13%-ով՝ նախորդ տարվա 35% ցուցանիշի համեմատ:

Փորձագետների կարծիքով՝ արդյունաբերության այդ ոլորտի ներկայիս իրավիճակը սովորական է և կանխատեսելի, քանի որ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերազանցում էին 45%-ը, և նմանա մակարդակ պահպանելն անհնարին է։ «Հավանաբար նման անկում է սպասվում նաև հոկտեմբերին»,- ասել է Bank Vontobel-ի փորձագետ Ռենե Վեբերը:

Ըստ Վեբերի, շվեյցարական ժամացուցային արդյունաբերության հեռանկարներն իրականում այդքան էլ վատը չեն, սակայն նախորդ տարիների չափ աճ պետք չէ ակնկալել: Հատկանշական է, որ չինացիները, երևի թե, Եվրոպայում անցկացնելով իրենց ամառային արձակուրդները, այնտեղից էլ ձեռք են բերում թանկարժեք ժամացույցներ: Հենց դա էլ վկայում է այդ տարածաշրջանում ժամացույցների վաճառքի ծավալների աճը: Օրինակ՝ Գերմանիայում սեպտեմբերին գրանցվել է շվեյցարական ժամացույցների վաճառքի 31%:

«Ստալկեր» ընկերությունը, որը Հայաստան է ներկրում թանկարժեք ժամացույցներ (Longines, Frederique constant, Bridgeport), հայաստանյան վաճառքի ցուցանիշներից չի դժգոհում։ Ընկերության փոխտնօրեն Ալբերտ Շիրինյանը 168.am-ի հետ զրույցում փաստեց, որ հայերը նախընտրում են որակյալ և թանկարժեք ժամացույցներ, և Հայաստանում դրանց վաճառքի ծավալները չեն նվազել: «Հայաստանում կոնկրետ SWATCH  ժամացույցների վաճառքի ծավալները չեն նվազել: Հնարավոր է՝ չեն էլ աճել, բայց նվազում չի եղել հաստատ: Կարող ենք ասել, որ Հայաստանում ժամացույցների վաճառքը կայուն է»,- ասաց նա:

Ըստ Ա. Շիրինյանի, վաճառքի ծավալները հարաբերական են. «Ամիս է եղել, որ լավ են վաճառվել, ամիս է եղել, որ այդքան էլ շատ գնորդներ չեն եղել: Մեկը մյուսին լրացնում է: Ընդհանուր վաճառքի ծավալը՝ քանակական, նույնն է: Հայերը սիրում են թանկարժեք ժամացույցներ»,- ասաց Ալբերտ Շիրինյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս