Վոլոչկովան գոհ էր երևանյան համերգից (լուսանկարներ)
Այսօր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ բալետային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի մենահամերգը: Նա Երևան էր ժամանել ստեղծագործական իր խմբի հետ: Դահլիճը լի էր հանդիսականներով. մի մասը եկել էր Վոլոչկովայի նոր շոուն տեսնելու, մի մասը` նրանով հիանալու…
Վոլոչկովան գոհ էր հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից: Նա հույս հայտնեց, որ շատ շուտով նա նոր համերգային ծրագրերով հանդես կգա Երևանում: Մոտ երկու ժամ տևողությամբ համերգային ծրագրի վերջում Անաստասիա Վոլոչկովան բուռն ծափերի ներքո ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իր հայ ընկերներին, ովքեր այսօր առավոտից անընդհատ զանգահարել և հաջողություններ են մաղթել նրան:
Արամ Խաչատրյան մեծ համերգասրահից հետո, Անաստասիա Վոլոչկովան գնաց Mezzo ակումբ, որտեղ նրան սպասում էին լրագրողներն ու երկրպագուները: Նա իր համերգային ծրագրից մի քանի կատարումներ էր առանձնացրել ակումբային իր ելույթի համար:
168.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ ունի երևանյան համերգից, Անաստասիա Վոլոչկովան պատասխանեց. «Ամեն ինչ հիանալի էր: Բոլորից շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ ցուցաբերած ջերմության, հյուրընկալության համար: Հուսամ, որ մոտ ապագայում կհանդիպենք, արդեն` երեխաների մասնակցությամբ ներկայացվող նոր համերգային ծրագրի շրջանակներում»:
Ի դեպ, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նրա մենահամերգը վայելելու էր եկել «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը` Վոլոչկովայի վաղեմի ընկերը: Գործարարը համերգին մասնակցում էր իր մոր` տիկին Վարսենիկի հետ:
Լուսանկարները` Սերժ Դավիդովի