Բաժիններ՝

Գագիկ Մակարյան. Կառավարությունը կաշկանդված է ձևավորել բյուջեն

2013թ. համար ներկայացված բյուջեն կրկնում է 2012-ի բյուջեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Վերջինիս խոսքերով՝ բյուջեն կրկնվում է նույնիսկ իր ծավալներով։ «Դոլարայինով` 2.5մլրդ դոլար մուտք, 2.8 մլրդ դոլար ծախսեր: Բյուջեն ձևավորված է  կաշկանդված: Բյուջեն նախորդ տարիների շղթա է: Կառավարությունը կաշկանդված է ձևավորել այն»,- նշեց Գ. Մակարյանը։ Հիշեցնելով, որ բյուջեի դեֆիցիտը 300 միլիոն դոլար է՝ ՀԳՀՄ նախագահը նկատեց, որ թեպետ նախորդ տարիների համեմատ այն ավելի քիչ է, սակայն դեռևս սոցիալական ուղղվածության խնդիրները շատ են:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ կարծիք հայտնեց, որ հաջորդ տարվա տնտեսական կյանքը ցույց կտա, թե բյուջեն որքանով կարդարացնի իրեն, ինչպիսի դինամիկա կունենա բյուջետային մուտքերի հավաքագրումը:

Ինչ վերաբերում է տնտեսության զարգացման միտումներին, ապա Վ. Սաֆարյանը հուսադրող է համարում այն հանգամանքը, որ բյուջեում նախատեսված է 300մլն դրամ գումար, որը պետք է ուղղվի պետություն-մասնավոր գործընկերությունը զարգացնելուն: Սաֆարյանը նաև գտնում է, որ անհրաժեշտ է մատչելի վարկեր տրամադրել հայրենի տնտեսվարողներին, որպեսզի նրանք  զարգանան:

Կարդացեք նաև

Հակադարձելով նրան՝ Գ. Մակարյանը նշեց. «Հայաստանում կա տենդենց՝ չգործող և փակվող ձեռնարկությունների առկայություն: ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը պարուրված է 50% ներքին գործունեության մեջ, 50% դրսից եկող տրասֆերտների մեջ: Ի՞նչ զարգացման մասին է գնում խոսքը»: Ըստ Մակարյանի, եթե շարունակվի շուկայի կենտրոնացվածությունը, ապա գործարար մոտիվացիան ավելի կթուլանա։ «Հարկավոր է ապակենտրոնացման խնդիրը լուծել և այդ մոդելը ընտրել, այլապես տեմպերը նույնն են լինելու, բողոքները շարունակվելու են: Չկա դիվերսիֆիկացված մոդել բյուջեում: Խրոխտ քայլեր ենք նախընտրում տեսնել բյուջեի ձևավորման հարցում»,- ասաց Գ. Մակարյանը՝ զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ և նշելով, որ այդ երկրի պարագայում բյուջեն տալիս է ազատություն իր գործարարներին: «Վրաստանն այսօր դարձել է ավտոշուկայի կենտրոն, նա լուծել է իր երկրում տուրիզմի խնդիրը: Պետական մարմինների կողմից տրամադրվող որակը բարձր է, ինչն էլ ողջունելի է: Շատ ճիշտ մարտավարություն է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության խնդիրը, ինչն էլ Հայաստանում նույնպես սկսվել է կիրառվել՝ ինչն էլ ողջունում ենք: Ժամանակը փող է, առավելապես գործարարի համար»,- իր խոսքում ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, իրականում փոքր ձեռնարկություններին հարկավոր է ազատել հարկային բեռից, մասնավորապես՝ այն ձեռնարկություններին, որտեղ աշխատում է 3-5 հոգի, սակայն համեմատել մեր տնտեսությունը վրաստանյան բյուջեի հետ խելամիտ չէ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս