«Այդ հայտարարությունը լուրջ չպետք է ընդունել, դրանում կարծես սադրիչ պահեր կան»

«Նիկոլը բավականին լուրջ երիտասարդ է: Գտնում եմ, որ նա քաղաքականության մեջ հաջողությունների կհասնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցության հայտարարությանը, որով նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջարկվում է առաջադրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Այս հայտարարությունը լուրջ չպետք է ընդունել, դրանում կարծես սադրիչ պահեր կան, բայց, ըստ երևույթին, իրականում պարապությունից, բամբասանքներից, դեսից-դենից այս նախաձեռնությունն առաջացել է: Ինչու` ոչ, եթե ժամանակը գա, կարող է իր թեկնածությունն առաջադրել: Բայց, երիտասարդ է, դեռ ժամանակը չէ»,- ասաց Երջանիկ Աբգարյանը:

Վերջինս նաև հավելեց, թե իր համար ՀԱԿ-ում կա մեկ թեկնածու՝ ՀԱԿ առաջնորդը: «Ինձ համար Կոնգրեսն ունի մեկ թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի հաջողության հասնելը ավելի հավանական է, քան որևէ այլ թեկնածուինը: Պետք է հաշվի առնել, թե ո՞վ ժողովրդի մեծ մասի համար ավելի ընդունելի կլինի: Ես կարծում եմ՝ ժողովուրդը սպասում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելուն»,- նշեց Երջանիկ Աբգարյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս