Կարապետ Ռուբինյանը չի ուզում մասնակից դառնալ Րաֆֆիի և Քոքոբելյանի «փոխհրաձգության» պրոցեսին
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի միջև օրերս տեղի ունեցած հրապարակային «փոխհրաձգությունը» դարձավ ամենաքննարկվող քաղաքական հարցերից մեկը:
Ր.Հովհաննիսյանի հայտարարությունը Խ.Քոքոբելյանի կողմից նրան աջակցելու պատրաստակամության հայտնումից հետո մի փոքր անսպասելի թվաց: Այս առումով` որքանո՞վ էր ճիշտ Ր.Հովհաննիսյանի կտրուկ հայտարարությունը Քոքոբելյանի հասցեին, ինչն, ըստ էության, կարող է «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» պառակտման պատճառը դառնալ, և այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Խ.Քոքոբելյանը, քանի որ, շատ վերլուծաբանների կարծիքով, այժմ նրա կողմից միակ ճիշտ քայլը կարող է լինել միայն պատգամավորական մանդատից հրաժարվելը:
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով ԱԺ վերջին ընտրություններին ընդգրկված էր «Ժառանգության» ցուցակում, 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան մեր վերոնշյալ հարցադրմանը, ասաց.
«Քանի որ ես այդ խոսակցություններից և այդ պայմանավորվածություններից տեղյակ չեմ, ինձ համար շատ դժվար է այդ կարգի դատողություններ անել, թե, ենթադրենք, որի՞ ռեակցիան է ադեկվատ և որի՞նը` ոչ ադեկվատ: Ընդհանուր առմամբ, իհարկե, տհաճ երևույթ է, և լավ կլիներ` այսպիսի զարգացումներ չլինեին, բայց, եթե եղել է, ինչ-որ հանգուցալուծում էլ պետք է լինի: Բայց հիմնականում ոչ էլ ուզում եմ մասնակից դառնալ այս պրոցեսին»:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև հակասությունները սկսվեցին Ր.Հովհաննիսյանի հոկտեմբերի 1-ի ասուլիսից, որտեղ նա հայտարարեց, թե իրեն մի փոքր զարմացնում է այն, որ իր հետ միասին իր մանդատը վայր չդրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որովհետև իրենք ունեցել են համաձայնություն, որ միասին պետք է վայր դնեին, որպեսզի առավել երիտասարդներին տեղ տային: Խ.Քոքոբելյանը, վերադառնալով Երևան, հարցազրույցում հայտարարեց, որ նման պայմանավորվածություն իր և Ր.Հովհաննիսյանի միջև չի եղել, և դա հավանաբար թյուրըմբռնում է եղել Ր.Հովհաննիսյանի կողմից` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը «Ժառանգության» հետ և սատարել Ր.Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում, եթե նա առաջադրի իր թեկնածությունը: Սակայն Ր.Հովհաննիսյանը հոկտեմբերի 12-ին հայտարարեց, թե «Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը»` նշելով, որ իր համար ցանկալի չէ Քոքոբելյանի ցանկացած օժանդակություն: Սրան էլ, իր հերթին, հետևեց Քոքոբելյանի հայտարարությունը. «Ափսոսանք եմ հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պահի թելադրանքով արված, հուզական հայտարարության կապակցությամբ: Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում՝ անկախ քաղաքական ուժի մանդատների միանձնյա տնօրինում, մեկ այլ անհատի կողմից: Ցավում եմ, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու մեր բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով»: