Խաչատուր Քոքոբելյանը խաբե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանին

«Շնորհակալ եմ Հովիկ Աբրահամյանի միջոցով իմ նամակի պատասխանը ստանալու համար: Եթե պարոն նախագահի պատվից ցածր է իմ նամակին պատասխանել, դա արդեն իր գործն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախորդ ամսին գրած իր նամակին:

Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ինքը  ցանկացել է այդ նամակի միջոցով նախագահից ոչ թե ընդհանրական, հուզական, հռչակագրային գնահատական-պատասխան ստանալ, այլ կետ առ կետ պատասխան՝ ոչ թե իրեն, այլ՝ շարքային քաղաքացուն: «Ճի՞շտ է, թե՞ սխալ, որ ոչ թե 5, այլ նվազագույնը 500 դպրոցների, համալսարանների, գյուղապետարանների, քաղաքապետարանների և հանրային սեփականություն հանդիսացող մնացած շենքերի վրա կա մի կուսակցության զինանշան, տարբերանշան, լոզունգ, և այդ շենքերում կա գրասենյակ` անկախ նրանից, թե դա հանրապետակա՞ն է, «բարգավա՞ճ», կամ մեկ ուրիշը»,- հռետորական հարց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, որ պետք չէ մեր տնօրեններին, ուսուցիչներին, ուսանողներին, բժիշկներին և այլոց ստիպված մասնակից դարձնել կուսակցական գործերին և ուղարկել ինչ-որ միտինգների, զինվորներին ստիպված մասնակից դարձնել ստիպողական քվեարկության:

«Եթե այդ նամակը (Հովիկ Աբրահամյանի.- Ա.Ս.) համապատասխանում է իրականության ձգտմանը, թե ամեն ինչ լավ է և լավ է լինելու, ուրեմն մեզ սպասում է հերթական՝ ոչ ազատ, ոչ արդար և ոչ դե յուրե ընտրությունը»,- նշեց նա:

«Իսկ այսօրվա (ՀՀ դատախազի.- Ա.Ս.) միջնորդությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պետք ունի նոր դե յուրե նախագահի և նախագահության: Ես ինքս, ինչպես մի քանի շաբաթ առաջ ասացի, ամեն ինչ անելու եմ իմ թեկնածության միջոցով (կամ, եթե դրանից ավելի լավ տարբերակ կա, ուրիշին զորակցելով), որ այս անգամ մեր ժողովուրդն ունենա համոզիչ, հաղթական այլընտրանք: Դրա համար ես ոչ թե վայր դրեցի իմ մանդատը, այլ չվերցրեցի՝ այս հերթական դե ֆակտո ընտրությունների բերմամբ: Բայց ինձ մի փոքր զարմացնում է այն, որ ինձ հետ միասին իր մանդատը վայր չդրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը (Խաչատուր Քոքոբելյանը.- Ա.Ս.), որովհետև մենք ունեինք համաձայնություն, որ միասին պետք է վայր դնեինք, որպեսզի առավել երիտասարդներին տեղ տայինք: Իր վերադարձից հետո ես այդ և հարակից այլ հարցերի վերաբերյալ կլսեմ իր պատասխանները, և մի քանի շաբաթ անց՝ այս ամսվա ընթացքում, դուք կստանաք վերջնական պատասխանը թե՛ այդ, թե՛ իմ թեկնածության վերաբերյալ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև


Տեսանյութեր

Լրահոս