«Роснефть»-ը՝ հայկական բենզինի շուկայի նոր մոնոպոլի՞ստ
168.am-ի տեղեկություններով, ռուսական «Роснефть» ընկերությունը ցանկություն ունի մտնել բենզինի հայկական շուկա և այդ հարցով արդեն դիմել է համապատասխան օղակներին։ Բանն այն է, որ թեպետ մեր երկրում թղթի վրա մրցակցություն է, սակայն հատկապես էներգակիրների ներկրման ոլորտը խիստ քվոտավորված է, և պատահական մարդիկ Հայաստան վառելիք չեն կարող ներմուծել։
Եթե «Роснефть»-ին հաջողվի լեզու գտնել իշխանությունների հետ, ապա շուկայի խոշոր խաղացողները՝ CPS, «Ֆլեշ», «Միկա» և այլն, կհայտնվեն ոչ նախանձելի վիճակում։ «Роснефть»-ի հետ մրցակցությանը նրանք դժվար թե դիմանան, և չի բացառվում, որ լքեն շուկան՝ այս ընկերությանը թողնելով մոնոպոլիստի կարգավիճակում։
Ոմանց կարծիքով, ՀՀ վերին օղակներին այնքան էլ ձեռնտու չի նոր խաղացողի մուտքը, քանի որ հների հետ արդեն գործում են վաղուց հաստատված խաղի կանոններ՝ համապատասխան գումարային «հետևանքներով»։ Սակայն չի բացառվում որ «Роснефть»-ը նույնպես ընդունի այդ կանոնները կամ առաջարկի ավելի շահավետ պայմաններ՝ ավելի մեծացնելով ռուսական կապիտալի ազդեցությունը Հայաստանում։
Նշենք, որ «Роснефть»-ը ռուսաստանյան պետական ընկերություն է՝ խոշորագույններից մեկը աշխարհում նավթի և գազի արդյունահանման ու առևտրի ոլորտում։