«Ծեծուջարդ եղել է, ես պատմել եմ ոստիկաններին»
Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի երրորդ օրը միայն ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե դեպքից 2 օր անց ինչ-որ անհայտ անձ ՀՀ ոստիկանություն է զանգահարել և տեղյակ է պահել ծեծկռտուքի մասին:
«Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- նշվում է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:
Տեղի ունեցածի առնչությամբ մինչև այս պահը Շիրակի մարզային ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ հարուցված չէ: ՀՀ ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ դեպքի մասին ահազանգ ստացվել է այսօր անհայտ քաղաքացուց, այնինչ պարզվում է, որ ոստիկանները նշված թաղամասերում աշխատել են 3 օր շարունակ:Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Գյումրու Շիրակացի փողոցի բնակիչ Աշոցք Սահակյանը կայքի հետ զրույցում վստահեցրել է, որ երեկ ոստիկաններն իրեն` թաղի մի խումբ բնակիչների հետ, տարել են հարցաքննության:
«Միլիցեք եկան, գնացինք, կհարցնեին` ի՞նչ է եղել, ո՞վ` ո՞ւմ է ծեծել, ես էլ ասեցի` տունը չեմ եղել, բայց լսել եմ, իմացել եմ, որ 7 հոգով ծեծել են Արթուրին»,- կայքի թղթակցի հետ զրույցում պատմել է Աշոցք Սահակյանը: Կայքի տեղեկություններով` ոստիկանները հանդիպել են նաև ծեծված Արթուրի ընտանիքի անդամների` կնոջ ևաղջիկների հետ, ովքեր հրաժարվել են ոստիկանությունում ցուցմունք տալուց: Ըստ galatv.am -ի աղբյուրների` ոստիկանները Արթուրի բնակարան գնացել են հենց դեպքի օրը՝ երեկոյան: Նշանակում է, ՀՀ իրավապահ մարմինները ծեծված անձանց թաղամասի բնակիչներին հարցաքննության տարել են երեկ, առաջին օրը, այնինչ նրանք դեպքի վերաբերյալ ահազանգ հենց նոր են ստացել, այսօր` դեպքից 2 օր անց ինչ-որ քաղաքացուց, ընդ որում` այդ քաղաքացին նշում է ծեծվողներից միայն մեկի` Արթուրի անունը, իսկ Ռուբենի մասին ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունում չի հիշատակվում առհասարակ:
ՇՄ քննչականի պետ Արմեն Երիցյանից կայքի թղթակիցը փորձել է ճշտել, թե ինչ քաղաքացիների են հարցաքննել Շիրակացի փողոցից: Ա. Երիցյանը դարձյալ հավաստել է, որ քրեական գործ չկա հարուցված ՇՄ քննչական բաժնում, ապա հավելել է, թե միջադեպի մասին ինքն առհասարակ որևէ տեղեկություն չունի, չգիտի: Իսկ հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հարցաքննություններ են եղել, Ա. Երիցյանը չի պատասխանել` հորդորելով ճշտել ոստիկանությունից:
Կայքը հիշեցնում է, որ երեկ` հոկտեմբերի 12-ին, ՇՄ քննչական բաժնի պետի տեղակալ Մուրադյանը չի հերքել, որ տեղի ունեցածի առթիվ մարդկանց են հարցաքննել, բայց մանրամասներ չի հայտնել` հայտարարելով, որ կխախտվի նախաքննության գաղտնիությունը: Հետաքրքիր է` ի՞նչ նախաքննություն կարող է լինել, եթե Մուրադյանի ղեկավար ՇՄ քննչական բաժնի պետ Արմեն Երիցյանը հայտարարում է, որ քրեական գործ չկա հարուցված:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` հոկտեմբերի 11-ին առավոտյան Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցները 7 հոգով ծեծի են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին և Ռուբենին: