Բալասանյանի թիկնապահները մա՞րդ են ծեծել

galatv.am-ի տեղեկություններով երեկ` հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին և Ռուբենին: Ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների` կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաև հարևանների աչքի առաջ: Դեպքը, ինչպես ԳԱԼԱ-ին պատմեել են Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը: Արթուրը երկար ժամանակ զբաղվել է սպորտով, հետո որոշակի ժամանակով աշխատել է Անուշարանում՝ որպես անվտանգության աշխատակից: Նրան աշխատանքից հեռացրել են առանց բացատրության, ինչի հետևանքով էլ ծագել է վիճաբանություն:

Այս տեղեկությունը երեկ երեկոյան ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, ով, սակայն, փոխանցել է, թե այդ միջադեպի մասին ոստիկանությունը տեղեկություն չունի: «Ես զանգահարեցի նաև Գյումրի քաղաքի ոստիկանապետին, իրանք էլ նման տեղեկություն չունեն, բողոքող ու հիվանդանոց դիմողներ չկան, բայց ես հանձնարարել եմ վաղը զբաղվել այդ գործով»,- ասել է Կ. Բաբակեխյանը:

Այսօր, սակայն, վաղ առավոտից ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը հեռախոսազանգերին չէին պատասխանում: Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը galatv.am-ին փոխանցել է, որ ինքը նման տեղեկություն չունի և մինչև այսօր դատախազությունը նման հաղորդագրություն չի ստացել: ԳԱԼԱ-ի տեղեկություններով` այսօր արդեն Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցները փորձել են հարցաքննել՝ ծեծի ենթարկված Արթուրի և Ռուբենի հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս