Բաժիններ՝

Շինարարն անսպասելի անհետացել է , իսկ 200 միլիոնը` փոշիացել

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ- ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնական, ինչպես նաև կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Գյուղի դպրոցում շինաշխատանքները մեկնարկել էին 2009 թվականի սեպտեմբերին, և նախատեսված էր այն շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերին:

«2009 թվականին վերանորոգվել է դպրոցի մասնաշենքի մի մասը, այնուհետեւ` հաջորդ տարի`2010 թվականին, մյուս հատվածն են սկսել վերանորոգել, այս տարի էլ պետք է ավարտեին, սակայն մայիսի կեսերից շինարարն ուղղակի անհետացավ, մեզ համար անհասկանալի պատճառներով»,- galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է Մեծ Մանթաշի գյուղապետ Գրիգոր Սարգսյանը:

Ըստ գյուղապետի` հենց այդ ժամանակ էլ իրենք տեղյակ են պահել ՀՀ քաղաքաշինության նախարարություն, հայտնելով, որ շինարարները գործը անավարտ են թողել եւ անհետացել: «Անսպասելի անհետացան, անգամ տեղյակ չենք, թե ինչպես, մենք էլ ենք զարմացած: 200 միլիոն դրամ փոշիացնելու մասին խոսակցությունները ես էլ եմ լսել, բայց ի՞նչ անենք»,- նշել է համայնքապետը:

Կարդացեք նաև

Դպրոցի շենքը վերանորոգելու համար պետական բյուջեից հատկացվել էր 207 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսված էր վերանորոգել նաեւ գյուղի մարզադպրոցը, որը գործում է դպրոցի շենքում: Սակայն մարզադպրոցի տնօրեն Մարզիկ Գաբոյանը նշել է, որ ոչ մի աշխատանք չի կատարվել. «Ոչ մի աշխատանք չի կատարվել, ինչ-ինչ ձևով հանրակրթական դպրոցի շենքը վերանորոգվեց, սակայն մարզադպրոց շինարարները մեկ անգամ նույնիսկ ոտք չեն դրել»: Ովքե՞ր են եղել թերացողները, ինչո՞ւ դպրոցի տնօրենը ժամանակին տեղյակ չի պահել համապատասխան մարմիններին` ԳԱԼԱ-ի հարցին, Մեծ Մանթաշի դպրոցի տնօրեն Ռիմա Հովսեփյանը պատասխանել է. «Շինաշխատանքները իրականացրել է «Ն.Մ. Օհանյան» ՍՊԸ-ն: Ես մի քանի անգամ տեսել եմ, որ քաղաքաշինության նախարարության տեխնիկական բաժնից եկել, ստուգումներ իրականացրել են, սակայն թե դիտողությունները ինչպես են արել, կամ չեն արել, ես չեմ կարող ասել: Ես ինքնս, լինելով մանկավարժ, այն ինչ-որ տեսել ու հասկացել եմ, որ կատարվածը որակ չունի, բարձրաձայնել եմ»,- նշել է Ռիմա Հովսեփյանը:

«Մեղավորը բնականաբար քաղաքաշինության նախարարությունն է, որովհետեւ իրենք են եղել պատվիրատուն եւ վերահսկող մարմինը, եւ գումարները ինչպես են դուրս գրվել եւ օգտագործվել, ես չեմ կարող ասել»,- galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրենը:

Ներկայումս շինաշխատանքները դադարեցվել են: Հայտարարվել է նոր մրցույթ, իսկ աշխատանքները կվերսկսվեն միայն գործի քննությունից հետո: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնեցին, որ իրենք վերահսկողություն իրականացնող մարմին չեն, և, որ տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում դպրոցում, և ինչ թերություններով են ընթացել շինաշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս