«Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի» հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական, ինչպես նաև կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են  քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտմամբ:

Պարզվել է նաեւ, որ կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական, իսկ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ  տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության աշխատակիցները` առեւտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ եւ 308-րդ հոդվածների 2-րդ մասերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Տեսանյութեր

Լրահոս