
«Դեսպան Հեֆերնի հայտարարությունը ԱՄՆ կառավարության ջանքերի մասն է…». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարության առնչությամբ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Հենց դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանի իրավական խնդիրները քաղաքականացնելուց և դրանք ընտրությունների հետ կապելուց»:
168.am-ի գրավոր հարցմանը, թե՝ չե՞ք կարծում, որ պարոն Հեֆերնի հայտարարությունը միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին. «Դեսպան Հեֆերնի հայտարարությունը ԱՄՆ կառավարության ջանքերի մասն է, որն ուղղված է Հայաստանում օրենքի գերակայությունը համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով ապահովելը խթանելուն: Մենք ՀՀ կառավարության հետ այս ոլորտում սերտորեն աշխատում ենք: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից դատաիրավական բարեփոխումներին ցուցաբերվող ուշադրությունը և պատրաստ ենք քննարկել մտահոգության տեղիք տվող խնդիրներն այդ հարցերի շուրջ՝ մեր ընդհանուր երկխոսության համատեքստում»: