Շարմազանովը Ջոն Հեֆերնին կոչ է կոչ անում ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը`վերջինիս կոչ անելով ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:

«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետև սա բացառապես իրավական խնդիր է, և ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետևյալն է, որ սա իրավական խնդիր է և այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է այն փաստը, որ դեպքերը տեղի են ունենում ընտրությունների նախաշեմին, Շարմազանովն ասել է. – «Հայաստանում ցանկացած իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը կարծում եմ, իրականությունից հեռու եւ անթույլատրելի է: Եվ կարծում եմ, հենց նաեւ դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց եւ դրանք ընտրությունների հետ կապելուց»:

Շարմազանովը նաև ընդգծել է, թե որպես ԱԺ-ի փոխնախագահ` անթույլատրելի է համարում այս խնդիրը քաղաքականացնել կամ կուսակցականացնել, որովհետև տարբեր քրեական գործերով կան նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրյալ են կամ ձերբակալված:

«Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երևույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ և արդարացված չէ: Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր, որոնք էլի իրավական հարթության մեջ, և որտեղ մեղադրյալներ անցնում են նաև ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որևէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երևույթների դեմ պայքարելն է»,- ասել է ՀՀԿ-ի խոսնակը:

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ դեսպանի մտահոգության պատճառը, Շարմազանովն ասել է, թե այդ հարցը պետք է ուղղել դեսպանին, բայց խնդրի քաղաքականացումը արդարացված չէ, և Օսկանյանի հարցը նախագահական ընտրությունների հետ կապելն իրականությունից հեռու է: Ըստ նրա` դա, թերևս, կարող է ինֆորմացիայի բացակայությունը նման առիթ լինել` հորդորելով բոլորին, անկախ պաշտոնական դիրքից և զբաղեցրած պաշտոնից, իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ չտալ:

Տեսանյութեր

Լրահոս