Գոմեշի մսի գործով մեղադրյալն անհասանելի է
168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ Կապանի մսի կոմբինատի նախկին սեփականատեր Ալբերտ Օհանջանյանից, ով մեղադրվում է խարդախության մեջ` բանակի պարենային պահեստում անցկացված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով, և ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Օհանջանյանի հեռախոսահամարը, սակայն, տևական ժամանակ է, անհասանելի է:
Մենք, արդեն երեք շաբաթ է, փորձում ենք կապ հաստատել նրա հետ, սակայն՝ ապարդյուն, նա միշտ անհասանելի է:
Կապանի բնակիչների փոխանցմամբ` այս օրերին Ա. Օհանջանյանը Կապանում չէ, և չեն կարող ասել, թե որտե՞ղ է գտնվում: Նրանց խոսքով` Կապանի մսի կոմբինատի նախկին սեփականատերն ամիսներ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության: Բնակիչները նաև նշեցին, որ Ա. Օհանջանյանը մի քանի տարի առաջ Սյունիք գյուղական համայնքում, որտեղ գտնվում է նաև նրա տունը, կառուցել էր պահածոների գործարան և, բացի այդ, բացել էր մսի մթերման կետ: Այն աշխատեցնում է Ա. Օհանջանյանի որդին: Իսկ ինչ վերաբերում է Ա. Օհանջանյանի դեմ հարուցված քրեական գործին, կապանցիները հրաժարվեցին որևէ կարծիք հայտնել` նշելով, որ իրենք չեն հավատում, որ Ա. Օհանջանյանի պես «ազնիվ համբավ ունեցող մարդը կարող է նման խարդախություն անել»:
Հիշեցնենք, որ Օհանջանյանն ամիսներ առաջ Կապանի մսի կոմբինատը վաճառել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականատեր Մաքսիմ Հակոբյանին, ով բուռն շինարարություն է սկսել կոմբինատի տարածքում: Կապանի բնակիչների ասելով` Մ. Հակոբյանը մտադիր է այնտեղ կառուցել բնակելի տներ, որոնք տրամադրվելու են Քաջարան գյուղի բնակիչներին: