
Էդգար Մանուչարյան. Պատրաստ եմ թե ֆիզիկապես, թե հոգեպես

Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց առաջին մարզումը, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը.
«Հավաքական հրավիրվելիս տպավորությունները միշտ լավ են: Բավական երկար ժամանակ չէի եղել հավաքականում ու այս հրավերից շատ ուրախացա: Հիմա լավ մարզավիճակում եմ գնտվում թե ֆիզիկապես, թե հոգեպես և պատրաստ եմ օգնել հավաքականին: Շատ հաճելի է տեսնել տղաներին ու նորից մարզվել նրանց հետ:
Մթնոլորտը թիմում ինչպես միշտ մարտական է: Տրամադրված ենք միայն հաղթանակի: Ինչ խոսք, Իտալիան բավականին հզոր հավաքական ունի, բայց մենք ապացուցել ենք, որ հզոր հավաքականների դեմ միշտ լավ ենք խաղում: Ամեն ինչ կորոշվի դաշտում:
Սարգիս Հովսեփյանի բացակայությունն, իհարկե, զգացվում է: Ուրախ եմ, որ երկար տարիներ հանդես եմ եկել նրա կողքին: Նա միշտ առաջատար է եղել: Բայց կյանքը շարունակվում է:
Ինչ վերաբերում է առանցքային մյուս խաղացողների բացակայությանը, կարծում եմ, նրանց փոխարինողներն արժանի կանեն իրենց գործը: Ճիշտ է, Մարկոսի և Գևորգի կարիքը կզգացվի, բայց ինչ արած, պետք է առանց նրանց ճանապարհը շարունակենք ու փորձենք լավ արդյունքի հասնել:
Իտալիայի հավաքականում բոլորն էլ վտանգավոր են, բարձրակարգ խաղացողներ են: Առաջին հերթին շատ հաճելի է հանդես գալ նման ֆուտբոլիստների հետ ու լավ փորձ ձեռք բերել: Բացի այդ, եթե մենք ցանկանում ենք Բրազիլիայի ուղեգիր նվաճել, պետք է բոլոր տնային հանդիպումները դրական արդյունքով ավարտել ու նաև դրսում փորձել ինչ-որ միավորներ վաստակել»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը