«Կարող եմ գրազ գալ. եթե մի հարուստ մարդ, որը ճանաչված է, գնա բիրիքանոցից մի հատ գալստուկ առնի 2500 դրամով` կապի, բոլորը կասեն, որ դա 10.000 դոլարանոց է»

«Ավելորդ շքեղությունն ինքն իրեն կսահմանափակվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ԱԺ նախագահին ներկայացված դիմումին, որով նրանք հորդորում  են՝ ԱԺ պատգամավորների ծառայողական «շքեղ» ավտոմեքենաները փոխարինել ոչ շքեղ մեքենաներով:

«Մենք ասում ենք, որ ԱԺ-ի ծառայությունները, հատկապես՝ մեքենաները, չպետք է լինեն շքեղ: Եթե կա տնտեսական ճգնաժամ, եթե կա պրոբլեմ, եթե ԱԺ-ն ունի ֆինանսական խնդիրներ, ի՞նչն է խանգարում, որ ոչ թե 15 միլիոն դրամանոց մեքենա լինի, այլ լինի, ասենք, 7-8 միլիոն դրամանոց, որն էլի թանկ է: 20.000 դոլարանոց մեքենան չի համարվում էժան մեքենա, համաձա՞յն եք: Ինչո՞ւ այդ դեպքում պետք է 40.000 դոլարանոց մեքենան ԱԺ գա»,- երեկ ԱԺ ճեպազրույցում վերոնշյալ խնդրի վերաբերյալ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցինք` արդյոք համամիտ չե՞ք, որ ԱԺ պատգամավորների մեքենաների շքեղությունը պետք է սահմանափակել, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Արտասահմանում շատ եմ եղել, շքեղ մեքենաներ քիչ եմ տեսել: Փարիզում, Աթենքում` նայում ես, մի հատ շքեղ մեքենա չկա: Նրանք շքեղ մեքենաներն օգտագործում են հատուկ պաշտոնական միջոցառումներին, իրենց վարած մեքենաներն էլ փոքրիկ մեքենաներ են: Իմ կարծիքով` շատ գռեհիկ երևույթները կապված են նաև ժամանակաշրջանի հետ: 21 տարի է, որ ազատություն ունենք, ու այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ, որ բոլորը հասկանան, որ, օրինակ, շքեղ մեքենան անիմաստ բան է: Ո՞ւմ են զարմացնում»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ երևույթները կվերանան: Համլետ Հարությունյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև, իր խոսքերով` տարածված մյուս խնդիրներին: «Ժամանակի հետ, կարծում եմ, կվերանա, էդ թանկարժեք կոստյումները, էդ թանկարժեք կոշիկները ևս: Ոչ մեկը չգիտի, օրինակ, էս գալստուկի գինը ո՞րն է: Ես կարող եմ գրազ գալ, որ եթե մի հարուստ մարդ, որը ճանաչված է հանրապետությունում, գնա բիրիքանոցից մի հատ գալստուկ առնի 2500 դրամով` կապի, բոլորը կասեն, որ դա 10.000 դոլարանոց է: Իսկ մի հատ բոմժ, որ գնա «Զիլի» էլ կապի, կասեն` դա հնոտի ա: Կարծում եմ` դա մոդայիկ բան է, որն անպայման կանցնի ժամանակի հետ»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Հ. Հարությունյանը նաև հավելեց, որ իր համար կարևոր չէ, թե մեքենան ինչ արժողության է: «Ես քանի որ շատ եմ ճանապարհ գնում, շատ Ղարաբաղ եմ գնում, ինձ ավելի շատ մտահոգում է մեքենայի ամրությունը, որ ինձ հանկարծ ճանապարհին չթողնի: Թե չէ` նստում ես` նույն ռույլն է, նույն տեսարանը, հիմա ի՞նչ տարբերություն` կաշին գորտի՞ է, թե՞…»,- անկեղծացավ ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս