«Սրբապիղծ շան որդի´ք, էդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, ԱԻՄ-ի՞»
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքը` ներկայիս Արտաքին գործերի նախարարության շենքը, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը, որը պատկանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հայտնի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին, իսկ գործարքի արժեքը կազմեց 51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, 168.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով արտգործնախարարության շենքի վաճառքը, նկատեց, որ արտգործնախարարությանն այլ տարածք պիտի տրամադրվի: «Այնպես որ` եթե ազգային-պետական շահերի տեսանկյունից ենք նայում խնդրին, ահավոր մի բան չի կատարվել: Բայց մտահոգված կլինեինք, եթե դա իսկապես հետևանքներ ունենար մեր ազգային արտաքին քաղաքականության գործունեության վրա: Ուղղակի բացասական հետևանքներ չեմ տեսնում:
Այն գումարը, որը պետք է ստացվի շենքի վաճառքից, դրանով կարելի է ինչ-որ քարի վրա քար ավելացնել Հայաստանում: Սակայն ինձ ուրիշ բան է հետաքրքրում. այդ բոլոր մարդիկ, ովքեր այդպես մտահոգ են այդ հարցով, նրանք, թույլ տվեք ասել` անգրագետ են, որովհետև երբ ազգային մեծագույն արժեք ներկայացնող ԱԻՄ-ի և նաև «Անկախություն» թերթի գրասենյակներն իրար հետևից խլեցին, բոլորը դա համարեցին սովորական բան, չնայած` բոլորն ԱԻՄ-ի պայքարի ծնունդ են` ներառյալ իրենց, այսպես կոչված, արցախյան շարժումով, որն ինքնորոշման շարժում էր, ոչ թե արցախյան:
Բայց ոչ թե ԱԻՄ-ից վերցնում էին ու նոր շենք էին տալիս, այլ լկտիաբար վերցնում էին իրենց մայր կազմակերպության, ազգային արժանապատվության կրող կազմակերպության շենքը, այն ժամանակ ոչ ոք չարտահայտվեց: Մտածում էին, թե ես պետք է դրա համար պայքար մղեմ, բայց դա իրենց բոլորի քաղաքական պապան էր (հայրիկ չասեմ, որովհետև չեն հասկանա): Երբ պապային անտուն էին թողնում, ոչ մի ոչխար չանհանգստացավ, իսկ հիմա իրար են անցել, թե շենքը վաճառվում է, արտգործնախարարությունն էլ պետք է տեղափոխվի: Բա դրա համար դուք նախագահ ու կառավարություն ունեք, ինչ ուզում են` անում են»:
Մենք նաև հարցրեցինք պարոն Հայրիկյանին, թե արդյոք ճի՞շտ է, որ Հանրապետության հրապարակին կից ճարտարապետական նշանակություն ունեցող շենքը դառնա հյուրանոց, ինչին նա պատասխանեց. «Մենք հրապարակին կից հյուրանոց չունե՞նք: Մեկն ունենք, կարող ենք մյուսն էլ ունենալ: Մտահոգությունները պետք է տեղին լինեն: Մտահոգության մի լուրջ առիթ կար, երբ պետք է ասեին` սրբապիղծ շան որդի´ք, էդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, ԱԻՄ-ի՞, որի ծնունդն եք բոլորդ: Ես այս իշխանության փաստաբանը կամ աջակիցը չեմ, գիտեք:Կարևորագույն ազգային հարցերում (միասնական ուղղագրություն, ազգային հիմներգ, որը շատ կարևոր բարոյահոգեբանական նշանակություն ուներ, կատարյալ ժողովրդավարություն) ես այդպես էլ չկարողացա իրենց բան հասկացնել, բայց սա այն դեպքը չէ, որ ես համարեմ մեր օրերի կարևորագույն իրադարձությունը»:
Լուսանկարը` news.am-ի