Բաժիններ՝

Սոցիալական ցանցերում գրառումներ կկարողանան կատարել նաև կույրերը՝ «Արևը» կինտեգրվի սոցցանցերին

Տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծված համակարգչային ծրագիրը՝ «Արև» համակարգը, հնարավորություն է տալիս կույրերին մուտքագրել տեքստեր, գրքեր կարդալ, շախմատ խաղալ, և այլն: Հայաստանում 175 տեսողության հետ խնդիրներ ունեցող կամ բոլորովին կույր մարդիկ արդեն աշխատում են այս համակարգով, այն տեղադրված է նաև 140 օբյեկտներում՝ դպրոցներ, պոլիկլինիկաներ, գրադարաններ, հասարակական կազմակերպություններ, և այլն: Հայաստանում ստեղծված համակարգը կիրառվում է նաև Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ռուսաստանի 20 հասարակական վայրերում: Համակարգը ստեղծվել և աշխատում է 2004 թվականին: Այն հասանելի է յոթ լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և գերմաներեն:

«Արև» համակարգի մշակման լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սարգիս Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մտադիր են համակարգում տարբեր լեզուներից թարգմանություններ կատարելու հնարավորություն ստեղծել, բայցի այդ` Ս. Կարապետյանը նշեց նաև, որ նոր համակարգը ցանկանում են ինտեգրել խոշոր սոցիալական ցանցերին:

«Այդ նոր հնարավորությունը տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց թույլ կտա իրենց մտորումները գրել, մեկնաբանություններ թողնել և անել այն ամենը, ինչ անում է տեսնողը` սոցիալական ցանցերում»,- ասաց Ս. Կարապետյանը: Նրա խոսքով՝ «Արևը» լայն հնարավորություններ է տալիս տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց, երբեմն անգամ կույրը՝ դրա շնորհիվ, կարողանում է ավելի լավ աշխատել, քան տեսնողը: Նա որպես օրինակ՝ հիշատակեց մի կույր աղջկա, ով սովորում է Իրավաբանական ֆակուլտետում և «Արևի» շնորհիվ կուրսայիններն ինքն է գրում: Ավելին, ըստ նրա` այդ աղջիկը կուրսային աշխատանքներ է գրում անգամ տեսողության հետ խնդիրներ չունեցողների համար:

Նշենք, որ «Արև» համակարգը մեկ համակարգչում տեղադրելու արժեքը 400.000  դրամ է:

Կարդացեք նաև

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս