Հայաստանում բջջայինը կարող է փոխարինել դրամապանակին
Այսուհետ դրամապանակի փոխարեն կարելի է բջջային հեռախոս կիրառել: Այս նոր ծառայությունն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
«Ի մոբայլ» ծառայությունն իրենից ներկայացնում է բջջային դրամապանակ, քանի որ այն փոխարինում է ձեր դրամապանակին՝ գումարով և կրեդիտ քարտերով, և այն ունենալով հեռախոսի մեջ, ձեզ, փաստորեն, անհրաժեշտ չէ այլևս դրամապանակը. պետք է միայն բջջային հեռախոս ունենալ, և վերջ: Ծառայությունը պատկանում է «Իդրամ» ընկերությանը: Ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Android և iPhone հեռախոսների համար նախատեսված նոր հավելվածի շնորհիվ է այդ ամենը հնարավոր դարձել: Այսինքն՝ տարբեր տեսակի վճարումներ կատարել` օգտագործելով բջջային հեռախոսը:
«Համակարգը գործում է բավականին պարզ, հաճախորդները պետք է ներբեռնեն ծրագիրը Apple Store-ից կամ Google Play-ից, տեղադրեն իրենց հեռախոսի վրա և, անկախ նրանից, թե որ բջջային օպերատորի բաժանորդն են` իրենց հեռախոսահամարն ավտոմատ կերպով «Իդրամ» համակարգում դառնում է իրենց հաշվեհամարը»,- ասաց Ն. Վարդանյանը՝ ավելացնելով, որ լիցքավորելով իրենց հաշվեկշիռը՝ արդեն հնարավորություն են ստանում իրականացնելու բազմապիսի վճարումներ. ԳԱՅ-ի տուգանքներ վճարելուց՝ մինչև ավիատոմսերի գնում:
«Երիտասարդությունն այսկերպ կարող է վճարում կատարել սոցիալական ցանցերում, օրինակ՝ odnoklassniki-ում, իսկ բիզնես կլասի հաճախորդները կարող են իրականացնել, օրինակ, դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և ամբողջ աշխարհում»,- ասաց Ն. Վարդանյանը: