Բաժիններ՝

Հայաստանում արտադրված քարթրիջներն ավելի էժան են, քան ներմուծվածները

Տպող սարքերն այժմ այնքան են շատացել, որ, բնականաբար, դրանց զուգահեռ, չի կարող չավելանալ նաև քարթրիջների (թանաքային պարկուճ) պահանջարկը: Իսկ քարթրիջի պահանջարկի արդյունքում մեծացել է նաև դրա գինը: Սակայն Հայաստանում արտադրված քարթրիջների գինը մոտ 3 անգամ ավելի մատչելի է, քան՝ Հայաստան ներմուծված ճապոնական և չինական քարթրիջների գինը:

Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Made in am» ընկերության տնօրեն Լուսինե Առաքելյանը: Այս ընկերությունը, շուրջ մեկ տարի է` զբաղվում է քարթրիջների արտադրությամբ, որոնց արժեքը կազմում է 12-14.000 դրամ:

«Մենք արտադրում ենք քարթրիջներ, որոնք որակով չեն զիջում ներմուծված քարթրիջներին, դրանք բավական բարձր որակ ունեն, իսկ գինը մոտ 3 անգամ ավելի մատչելի է: Հետաքրքիր է, սակայն, որ մեր հասարակությունը նախապատվությունը տալիս  է ավելի շատ դրսից ներմուծված ապրանքին՝ որակելով այն՝ որպես ավելի որակյալ ապրանք: Մինչդեռ փորձարկելուց հետո են հասկանում, որ մերի որակը վատը չէ»,- ասաց Լ. Առաքելյանը:

Ինչ վերաբերում է տվյալ ապրանքի Հայաստանում արտադրված և արտերկրից ներմուծված գնային տարբերություններին, ապա զրուցակիցս դա բացատրում է նախևառաջ ապրանքի ներմուծման հետ կապված ծախսերով, բացի այդ` ներմուծվող HP, Canon, Xerox և այլ անուններով քարթրիջները բրենդային անուններ ունեն, իսկ բրենդային ապրանքի համար պետք է գումար վճարել:

Կարդացեք նաև

«Միգուցե ժամանակ կգա, որ մեր անունն էլ կլինի բրենդ: Մեր ապրանքը լուրջ թեստավորում է անցնում մասնագետների կողմից և նոր միայն դուրս գալիս վաճառքի»,- ասաց Լ. Առաքելյանը:

Նշենք, որ մինչ քարթրիջների արտադրությունը «Made in am» ընկերությունը զբաղվել է քարթրիջների լիցքավորմամբ և վաճառքով, իսկ քարթրիջների արտադրությամբ զբաղվում է շուրջ մեկ տարի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս