
Ուրիխանյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց

168.am-ը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից փորձեց պարզել` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության, երկուշաբթի օրը պետք է հայտարարի կա՛մ Ս. Սարգսյանին սատարելու, կա՛մ իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Տ. Ուրիխանյանը, սակայն, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն. «Խոսնակը, իմ խորին համոզմամբ, հատկապես ԲՀԿ խոսնակը, կոչված է մեկնաբանելու տեղի ունեցածը կամ տեղի ունեցող փաստացի իրադարձությունները, մասնավորապես, մեզ հետ կապված հանրությանը հետաքրքրող: Ես կնախընտրեի խոսել այդ ձևաչափի մեջ, իսկ կանխատեսումների դաշտ մտնելն ինձ համար շատ անշնորհակալ գործ է»:
Իսկ հարցին, թե արդյոք կուսակցությունում նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկում չի՞ եղել, ԲՀԿ մամլո խոսնակը պատասխանեց. «Նախագահական ընտրությունների հետ կապված մեր ասելիքը մնացել է նույնը, և մենք ճիշտ, նպատակահարմար պահին մեր դիրքորոշումը կհայտնենք: Կարող եմ նաև ասել` ե՞րբ, որպեսզի շտապողականություն չլինի. տրամաբանական ժամկետի հասունացման ավարտման պես մենք անպայման դրա մասին կխոսենք>: