Երկուշաբթի օրը Ծառուկյանը կհայտարարի կամ Սարգսյանին պաշտպանելու, կամ անձամբ առաջադրվելու մասին
Այս օրերին քաղաքական կուլիսներում ամենաքննարկվող հարցն այն է, թե ինչո՞ւ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության համար դժվարին պահին «անհետաձգելի գործերով» բացակայում Հայաստանից և չի շտապում իր տեսակետը հայտնել Վարդան Օսկանյանի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ` Գ.Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանից 10 օր ժամանակ է խնդրել` կողմնորոշվելու և վերջնական դիրքորոշում հայտնելու համար: Ըստ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության, ԲՀԿ նախագահը կամ հայտարարելու է, որ նախագահական ընտրություններում սատարում է գործող նախագահին, կամ` ընտրություններում անձամբ առաջադրվելու իր որոշման մասին:
Այդ որոշումից է կախված, թե իշխանությունն ինչպես կվերաբերվի ԲՀԿ-ական նախկին պաշտոնյաների և ներկա պատգամավորների նկատմամբ, որոնց գործունեության առիթով հայտարարությունը հնչել է, բայց կոնկրետ քայլեր առայժմ չեն ձեռնարկվում: Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ, չնայած ԱԺ-ն «անհետաձգելի կարգով» քննարկեց Գլխավոր դատախազի միջորդությունը և Վ. Օսկանյանին զրկեց անձեռնմխելիությունից, սակայն նրա նկատմամբ առայժմ որևէ իրավական գործողություն չի իրականացվել: Մասնավորապես, Վ. Օսկանյանը «փողերի լվացման» գործում դեռևս ներգրավված չէ որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել էր 168.am-ը, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող խոսակցությունների՝ վերջին անգամ Ծառուկյանն ու Սարգսյանը հանդիպել են անցած ուրբաթ օրը: Այսինքն` Ծառուկյանի խնդրած ժամկետը` 10 օրը, լրանում է առաջիկա երկուշաբթի օրը: