«Թույլ տվեք` լռեմ. մեր իրականությունում դատապարտելի բան է կարծիք արտահայտելը». Բոստանջյան
ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ասել է ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը
– Դուք նախորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ամենաակտիվ պատգամավորներից էիք: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների մասին:
– Ճիշտ է, ես հիմա մեծ մասամբ զբաղվում եմ գիտամանկավարժական գործունեությամբ, բայց քաղաքականությունից դուրս ինձ չեմ համարում. ԲՀԿ անդամ եմ, բայց ոչ մի կարծիք չեմ արտահայտում, ավելի լավ է ես հիմա լռեմ:
– Ձեր կուսակից պատգամավորին`Վարդան Օսկանյանին, խորհրդարանը զրկեց անձեռնմխելությունից: Որպես նախկին պատգամավոր` դուք հիմա շատ լավ եք պատկերացնում, թե դա ինչ է նշանակում: Ինչո՞ւ այդպես եղավ…
– Իմ քիչ առաջվա ասածն այս հարցին ևս վերաբերվում է, ես չեմ ցանկանում խոսել: Ովքեր ավելի խորացած ու կոմպետենտ են, իրենց հարցրեք, իսկ ինչ որ ես եմ մտածում այս ամենի շուրջ, հակված չեմ բարձրաձայնելու և թույլ տվեք` լռեմ: Մեր իրականությունում ես արդեն մի անգամ ասել եմ` դատապարտելի բան է կարծիք արտահայտելը:
– ՀՀԿ-ԲՀԿ իրական կոնֆլիկտ, խնդիրներ գոյություն ունե՞ն, ըստ Ձեզ, պարոն Բոստանջյան:
– Դե հիմա ո՞նց ասեմ : Կարծում եմ` կուսակցությունների լիդերների խնդիրներն են: Կուսակցությունների առաջնորդների մակարդակով կպարզվի, թե հետո ինչ զարգացումներ կլինեն:
– Այսինքն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը խնդիրներ ունե՞ն: Ի՞նչ խնդիրներ կարող են լինել:
– Դե հա, բոլոր դեպքերում հասկանալի է, որ քաղաքական ուժերի հարաբերությունները որոշվում են լիդերների հարաբերություններով և նրանց կողմից ձևավորված մոտեցումներով:
– Պարոն Բոստանջյան, ԲՀԿ-ն գալիք նախագահական ընտրություններում դարձյալ կհայտարարի՞, որ սատարում է ՀՀԿ նախագահին, թե՞ կառաջադրի սեփական թեկնածուին:
– Չեմ ուզում այդ մասին ոչինչ ասել: Շատ պարագաներում իմ չցանկանալը նաև այն բացատրությունն ունի, որ շատ բաներ նաև ես չեմ հասկանում:
– Օրեր առաջ ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց` հայտարարելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում ԲՀԿ-ի նկատմամբ: Դուք էլ ե՞ք արդպես կարծում:
– Ես չեմ ուզում ոչինչ ասել: Քանի որ, ամերիկյան ոստիկանների ասածի պես, ես գիտեմ, որ իմ ամեն մի ասածը հետո ուղղվելու է իմ դեմ: