Մինչ այժմ գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք
Այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ` ՀՀ-ում գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, խայթոցներից մեկն ավարտվել է մահվան ելքով:
Մահացածը Արմավիրի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանն է, ում օձը խայթել է հուլիսի 22-ին դաշտում: Տղամարդը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:
Մինչ այժմ օձի խայթոցից տուժած 43 քաղաքացի դիմել է Երևանի բժշկական հաստատություններ, 100-ը` մարզային բժշկական կենտրոններ. Արագածոտնի մարզ` 24, Արմավիրի մարզ` 22, Կոտայքի մարզ` 18, Տավուշի մարզ` 12, Վայոց ձորի մարզ` 9, Սյունիքի մարզ` 7, Արարատի մարզ` 7, Լոռու մարզ` 1:
90 տուժածի ներարկվել է հակաթույն, 53-ին չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:
ԱՆ-ից նաև տեղեկացնում են, որ անցյալ տարի արձանագրվել է օձի խայթոցի 220 դեպք, որից 2-ը մահվան ելքով:
2010-ին օձի խայթոցի հետևանքով հոսպիտալացվել է 158 տուժած: Դեպքերից 4-ն ավարտվել է մահվան ելքով: Ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության է դիմել ևս 28-ը: