ԿԲ-ի հաշվետվությունն աղբ է

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ նիստում` անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի 2011թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվությանը, ասաց, թե ներկայացված հաշվետվությունն աղբ է:

«Այսօր աշխարհում, ես Ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ոչ մի տնտեսագիտական տեսություն (վերջին հաշվով՝ երկու հիմնական տեսություն կա, եթե չհաշվենք մեր վերջին աշխատանքները մեգաէկոնոմիկայի գծով) չի ասում, որ գների կայունությունը միայն  մոնետար ֆակտոր է: Հիմա էս մարդիկ գրել են, տվել են ԿԲ-ին, դրանից հետո, բնականաբար, էդ ԿԲ-ն պիտի լկտիանա: Գները կայունացնենք, ուրեմն՝ պետք չի հարցնել, թե ի՞նչ գնով պիտի գները կայունացնել: Գներն ինքը կայունացնում ա»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Նաև հավելեց. «Ստացվում է՝ Կառավարությունը, իշխանությունները, երբ ուզում են՝ գնաճի մի թիվ են գրում, երբ ուզում են՝ մեկ այլ թիվ են գրում: Ինչի՞ է սա կարևոր: Անցյալ տարի դուք հաստատել եք  ԿԲ-ի նախանցյալ տարվա հաշվետվությունը, որտեղ գնաճը 8,7 էր, իսկ իրենք ասում են՝ 7.5,  4 պլյուս 1,5: Ի դեպ, Կառավարությունն իրավունք չունի 12-ամսյա գնաճը կամայականորեն մեկնաբանել»: Ըստ Հ. Բագրատյանի` հենց ստեղծված իրավիճակի պատճառով է, որ մարդիկ հեռանում են երկրից: «Դուք տեսնո՞ւմ եք մի երկիր, որն անցյալ տարի աճած լինի 4.6 տոկոս, մարդկանց թիվն օֆիցիալ թվերով պակասեցնեն 32.7%, այնուամենայնիվ, լինի 7.7 տոկոս գնաճ, ու թողնեն-գնան երկրից: Պիտի շատ լինի, չէ՞` մեկ շնչին հասնող ապրանք ա` խնձոր ա, կարտոֆիլ ա՝ շատանում ա, չէ՞: Դուք չե՞ք հասկանում, որ հիմա կարելի է ֆռռացնել՝ ունենալով տնտեսական անկում՝ ցույց տալ տնտեսական աճ, ինչով զբաղված են վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԿԲ ղեկավարությունը,- ընդգծեց Հ. Բագրատյանը,- ԿԲ-ի հաշվետվությունը, մեր խմբակցության կարծիքով` ցույց է տալիս, որ ԿԲ-ն թարախապալարի նման՝ թույլ չի տալիս ՀՀ  տնտեսության հետագա զարգացումը: Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման՝ հնարավոր չի լինելու ապահովել ՀՀ տնտեսության զարգացումը: Սա ճակատագրական հարց է»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս