«Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է, որ ցուցակի առաջին համարներները հրաժարական տան». Կարապետ Ռուբինյան
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում բավական ուշագրավ հայտարարություններ հնչեցրեց: Մասնավորապես նա բացահայտումներ արեց անցած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ ցուցակում ընգրվկված էին նաև «Ազատ Դեմոկրատներ» կուսացկության և հանրային սեկտորի ներկայացուցիչներ:
«Սխալ է այն կարծիքը, որ «Ժառանգությունը» դեմ է կոալիցիոն լուծումներին: Եվ, օրինակ, մենք կողմ էինք նույն «Ազատ դեմոկրատների» հետ ընհառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը ընդհանուր ցուցակով, որի առաջատարը լինելու էր Կարապետ Ռուբինյանը, իսկ ես և հարգարժան պարոն Քոքոբելյանը լինելու էինք 15-րդ և 16-րդ տեղերում…»,-երեկ հայտարարել է Ր. Հովհաննիսյանը:
168.am-ը ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները:
«Նախորդ ընտրությունների հետ կապված` ես, իհարկե, տեղյակ եմ եղել, որ այդ երկու կուսակցությունները բանակցում են ցուցակի շուրջ և տեղյակ եմ եղել, որ իրենք շոշափում են նաև ոչ կուսակցականներին ներգրավելու հարցը: Եթե հիշում եք, երկու կուսակցությունների համագումարներում էլ ես ելույթ եմ ունեցել և ողջունել եմ իրենց ծրագրերը` միասնական թիմով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Բայց որևէ քննարկման` ցուցակի հետ կապված, չեմ մասնակցել թե´ առանձին կուսակցությունների հետ, թե’, ենթադրենք, երկուսի հետ միասին: Ուղղակի ինձ վերջնական ներկայացրել են, որ «մեր առաջարկը հետևյալն է, քեզ առաջարկում ենք ընգրկվել ցուցակում որպես անկուսակցական, կամ, ինչպես ասում են, հանրային սեկտորի ներկայացուցիչ»` 18-րդ, թե 19-րդ համարով: Ես շնորհակալություն եմ հայտնել, ընգրկվել եմ նախընտրական արշավին և որքան քարոզչական ուժ և հնարավորություն եմ ունեցել, օգտագործել եմ միասնական ցուցակին օժանդակելու համար: Պոստֆակտում ինձ հայտնի է դարձել, որ նման խոսակցություններ եղել են: Դրանք եղել են փակ քննարկումներ երկու կուսակցությունների ղեկավարների միջև: Հետագայում ինձ ասել են դրա մասին, և ես հիմա հաստատում եմ, որ դա եղել է քննարկվող տարբերակներից մեկը: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով այլ տարբերակ են ընդունել»,- ասաց պարոն Ռուբինյանը:
Ի պատասխան հարցին` ինչո՞ւ իրականություն չի դարձել այդ տարբերակը և ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա խոսում այդ մասին, Կարապետ Ռուբինյանն ասաց. «Չգիտեմ: Նախ` ես ասացի, որ չեմ մասնակցել որևէ քննարկման և տեղյակ չեմ դրանց մասին: Ուղղակի այդ ընտրարշավի ընթացքում այդպիսի մի խոսակցություն եղավ, և ինձ ասացին. «Գիտես, ընենց չի, որ մենք քեզ չենք գնահատել: Տարբերակներից մեկն էլ էն էր, որ դու էիր առաջին համարը», որի համար, իհարկե, շոյված եմ: Ինչո՞ւ չի անցել, ովքե՞ր են առարկել, ովքե՞ր են կողմ եղել: Այդ մանրամասներին ես ուղղակի չեմ տիրապետում, և այդ մասին արդեն պետք է իրենցից հարցնեք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդես էր եկել ևս մեկ սենսացիոն հայտարարությամբ: «Ժառանգության» ղեկավարն ասել էր, որ իրեն զարմացրել է այն, որ իր հետ միասին իր մանդատը վայր չի դրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, քանի որ իրենք համաձայնություն են ունեցել այդ մասին:
Մենք հետաքրքրվեցինք Կարապետ Ռուբինյանից` արդյոք տեղյակ եղե՞լ է այդ պայնավորվածության մասին, քանի որ «Ազատ դեմոկրատները» պնդում են, որ նման պայմանավորվածություն չի եղել: «Ո´չ, նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, բայց նման մի խոսակցություն եղել է ընտրություններից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է` այնպես անենք, որ առաջին համարները հրաժարական տան, որպեսզի երիտասարդներից ընգրկվեն ցուցակում: Այսինքն` այդպիսի առաջարկի մասին լսել եմ, բայց որ իրենց մեջ պայմանվորվածություն է եղել, այդ մասին տեղյակ չեմ»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: