Ռուսաստանի հայերի միությունը ստորագրահավաքի կոչ է անում` ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` խորհրդարան ներկայացրած միջնորդագրի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Ռեգնում» լրատվական գործակալությունից:

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Այն բանի կապակցությամբ, որ ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով («Անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, որն արվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից, պաշտոնական դիրքի չարաշահմամբ);

Հաշվի առնելով, որ «Սիվիլիթասի» ղեկավարությունը մեղադրվում է հարկերի չվճարման և միաժամանակ՝ բարեգործական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ;

Կարդացեք նաև

Ուշադրություն դարձնելով, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար;

Ընդգծում ենք, որ նախընտրական ժամանակահատվածում հայտնի քաղաքական գործչի հանդեպ քրեական գործի հարուցումը կասկածներ է հարուցում այս գործի քաղաքական բնույթի վերաբերյալ:

Համարում ենք, որ Վարդան Մինասի Օսկանյանը, որը բարեկեցիկ ընտանիքի ներկայացուցիչ է, ոսկերիչների ընտանիքից, այն մարդը չէ, որի հանդեպ անհրաժեշտ էր սկսել «պայքար կոռուպցիայի» կամ «ստվերային տնտեսության» դեմ։

Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է դադարեցնեն քրեական հետապնդումը: Գործի դադարեցման հիմքերի ընտրությունը թողնում ենք իրավապահ մարմիններին։

Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի դատախազության միջնորդությունը Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Անթույլատրելի ենք համարում, որ դիվանագետը, հայտնի և հարգանք վայելող քաղաքական գործիչը իր անմեղությունն է ապացուցում խորհրդարանում:

Բոլոր հայերին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում ստորագրահավաք սկսել ուղղված Հայաստանի նախագահին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Նիկոյալի Ծառուկյանին՝ պահանջով պաշտպանել Վարդան Մինասի Օսկանյանի բարի համբավը, որը Հայաստանի ինտելեկտուալ արտաքին քաղաքականության խորհրդանիշն է դարձել, և դեպի պատմական հայրենիք հայերի հաջողված վերադարձի ամենավառ օրինակը:

Քաղաքական դրդապատճառներով «Օսկանյանի գործ»-ից հետո այլևս ոչ ոք մաքուր խղճով չի կարողանա սփյուռքի հայերին Հայաստան հրավիրել և նրանցից օգնություն խնդրել:

Հարգանքներով` Ռուսաստանի հայերի միություն, 1 հոկտեմբերի 2012 թվական»:

Տեսանյութեր

Լրահոս