«Ազատ դեմոկրատներում» տեղյակ չեն Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև պայմանավորվածության մասին
«Ինձ մի փոքր զարմացնում է այն, որ ինձ հետ միասին իր մանդատը վայր չդրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որովհետև մենք ունեինք համաձայնություն, որ միասին պետք է վայր դնեինք, որպեսզի առավել երիտասարդներին տեղ տայինք: Իր վերադարձից հետո ես այդ և հարակից այլ հարցերի վերաբերյալ կլսեմ իր պատասխանները, և մի քանի շաբաթ անց՝ այս ամսվա ընթացքում, դուք կստանաք վերջնական պատասխանը թե՛ այդ, թե՛ իմ թեկնածության վերաբերյալ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման պայմանավորվածության վերաբերյալ տեղեկություն չունի:
Պարոն Այվազյանին հարցրեցինք` այսինքն ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սո՞ւտ է խոսում: «Այսինքն` ես Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև պայմանավորվածության մասին ինֆորմացիա չունեմ»,- հայտարարեց նա` ըստ էության չբացառելով, որ Ր. Հովհաննիսյանը կարող է նաև սուտ խոսել:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանո՞ւմ չէ, քանի Ր. Հովհաննիսյանն ասել էր, որ սպասում է նրա վերադարձին: «Ո՛չ, Խաչատուր Քոքոբելյանը գնացել է բժշկի` բուժվելու»,- ասաց «Ազատ դեմոկրատների» գործադիր քարտուղարը: