Ակցիա` հանուն արդարության կամ Օսկանյանի

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը տոնում է իր հիմնադրման 4-րդ տարին, և տարօրինակ զուգադիպությամբ` այսօր ԱԺ-ն քննարկում է «Սիվիլիթասի» հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին  հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:

Դեմիրճյան փողոցում` ԱԺ մուտքի մոտ, «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները և «Նոր սերունդ երիտասարդական շարժում» կազմակերպության երիտասարդները, ինչպես նաև ԲՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները կազմակերպել էին բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցներից ոմանք ցուցապաստառներով, «հանուն արդարության» վանկարկումներով` ԱԺ շենք մտնող պատգամավորներին հորդորում էին դեմ քվեարկել այդ միջնորդագրին: Ընդ որում` ակցիայի մասնակիցները սուլում էին միայն ՀՀԿ պատգամավորների ներս մտնելու ժամանակ, իսկ մյուսների դեպքում՝ որպես հարգանքի նշան, միայն ծափահարում էին և վանկարկում: «Նոր սերունդ երիտասարդական շարժում» կազմակերպության անդամ Միքայել Գրիգորյանի խոսքով` ակցիան կազմակերպել են իրենց նախաձեռնությամբ: «Պրոստը մեզ համար կազմակերպել ենք, տեսել ենք պարոն Օսկանյանի աշխատանքը, և մինչև էդ մամուլով էլ տարածել ենք հայտարարություն, որ մենք դեմ ենք, և եկել ենք այստեղ, որ պատգամավորները տեսնեն, որ դժգոհ ենք, և ճիշտ որոշում կայացնեն»,- ասաց Միքայել Գրիգորյանը:

Հարցին, թե ինչի՞ց է վստահ, որ պարոն Օսկանյանն անմեղ է, Մ. Գրիգորյանը  պատասխանեց. «Պարոն Օսկանյանը ծառայել է հանրապետությանը, և մենք պահանջում ենք, որ արդար որոշում կայացնեն: Եթե երիտասարդները որոշեն գնալ, կրթություն ստանալ արտերկրում, հիմա ի՞նչ` էդ մարդուն էսպես պիտի դիմավորե՞ն: Պարոն Օսկանյանն էն քիչ պաշտոնյաներից ա, որ բարձրագույն կրթություն ունի, որ արտասահմանում ա սովորել, իսկ հիմա ճի՞շտ է, որ իր հետ էսպես են վարվում»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով` ստեղծված քաղաքական վիճակում Վ. Օսկանյանը վտանգ էր ներկայացնում` լինելով շատ խելացի ու կիրթ  մարդ:

Իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակից Սեդա Գրիգորյանն էլ հայտարարեց, որ այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեդարձն է, և հավելեց, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը: «4 տարվա գործունեության արդյունքում «Սիվիլիթաս» հիմնադրամը ձեռք է բերել բավականին մեծ համբավ՝ իր քաղաքացիական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչո՞ւ չէ` նաև քաղաքական վերլուծությունների առումով` կրկին հարթակներ ստեղծելով քննարկումներ ծավալելու համար, որոնց մասին հաճախ շշուկով են խոսում, իսկ մենք բարձրաձայնում ենք: Եվ այսօր ևս` մենք այստեղ ենք, մենք բարձր ենք խոսում, մենք ունենք պաստառները, և մենք այստեղ մեր կազմով ենք, մեր կամքով ենք և մեր ցանկությամբ` մեր տարեդարձի օրը պաշտպանելու՝ մեր լինելու, և Ձեր` մեր մասը լինելու իրավունքը»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Ակցիայի մասնակիցներն այնուհետ շարժվեցին դեպի ԱԺ գլխավոր մուտքի դարպասների մոտ, սակայն մասնակիցների թիվն արդեն նվազել էր:

 

 

Տեսանյութեր

Լրահոս