Սերժ Սարգսյանն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել, այս անգամ՝ նվիրված առողջապահական խնդիրներին: Սա Ս. Սարգսյանի թվով երրորդ խորհրդակցությունն է` սեպտեմբերի 15-ի հայտնի խորհրդակցությունից հետո: Սկզբում նա նմանատիպ միջոցառում էր անցկացրել Պաշտպանության նախարարությունում, ուրբաթ օրը նույնը կազմակերպվել էր դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եթե իրականությանը համապատասխանում են այն գնահատականները, որ սեպտեմբերի 15-ից մեկնարկած խորհրդակցությունների այս շքերթը նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավի մի մասն է, ապա հաշվի առնելով Հայաստանի նախարարությունների ու պետական գերատեսչությունների թիվը՝ Ս. Սարգսյանն առնվազն ամեն շաբաթ կարող է որևէ կառույցում խորհրդակցություն հրավիրել, ընդհուպ՝ մինչև ընտրություններին նախորդող շաբաթը:

Սակայն մի պահ ընդունենք, որ որևէ քարոզչական նպատակ այս ամենի հիմքում դրված չէ, և բոլոր խորհրդակցությունները հրավիրվում են բացառապես երկրում առկա ծանր իրավիճակը հաղթահարելու ամենաանկեղծ մղումով: Բոլոր խորհրդակցություններում Սերժ Սարգսյանը խոսում է բացթողումների, խայտառակ չարաշահումների, պետական միջոցների վատնումների և այլ արատավոր երևույթների մասին: Նրա ներկայացրած բոլոր մտահոգություններն, ի դեպ, Քրեական օրենսգրքով պատժվող գործողություններ են:

Ընդ որում, դատելով վերջին օրերի իրադարձություններից, ցանկացած խորհրդակցության հետևում է որևէ գործողություն, մասնավորապես` այս կամ այն ոլորտի պաշտոնյաների ազատման կամ ձերբակալությունների տեսքով: Այսինքն` ստացվում է՝ որ ոլորտին Սերժ Սարգսյանը «մոտենում» է, դրանում բացահայտվում է խայտառակ իրավիճակ, և միայն նրա անմիջական միջամտությունից հետո կոնկրետ գործողություններ են ձեռնարկվում: Այս գործընթացը գնահատել սիրող զանազան քաղաքագետներն ու «քաղտեխնոլոգները», իհարկե, կհայտարարեն, որ՝ այո, սա PR է, սակայն ամրապնդվում է կոնկրետ քայլերով ու վկայում է, որ Սերժ Սարգսյանն անձամբ պայքարում է բոլոր արատավոր երևույթների դեմ:

Կհայտարարեն` իրենց այդ գնահատականները ներկայացնելով՝ որպես նախագահի քարոզչությանը նպաստելու անշահախնդիր գործունեություն` դրանից բխող ֆինանսական հետևանքներով: Իրականում, սակայն, այսպես շարունակվելու դեպքում այս գործընթացը կարող է վերաճել անձամբ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ իր իսկ դեմ կազմակերպվող հակաքարոզչության:

Թվում է, թե հասարակությունը Սերժ Սարգսյանից լսելով բոլոր այն խայտառակ երևույթների մասին, որոնցով լցված է քաղաքացիների ամենօրյա կյանքը, դրանք վերագրելու է միայն «չարամիտ» ու «կոռումպացված» պաշտոնյաներին` նրանց դեմ պայքարելու համար իր ձայնը տալով գործող նախագահին: Բայց հասարակությունը, մեղմ ասած, մտածելու ունակությունից զուրկ զանգված չէ և առնվազն հարցադրումներ անելու կարողություն ունի: Իսկ ամենաառաջին հարցադրումը, որ կարող է անել հասարակությունը, հետևյալն է` որտե՞ղ էր Սերժ Սարգսյանն անցած չորսուկես տարիներին և ինչո՞վ էր առաջնորդվում պաշտոնյաների ամենամյա գործունեությունը գնահատելիս: Եթե անգամ չքննարկենք այն տարբերակը (որը կարող է մտածել նույն հասարակությունը), որ բոլոր արատավոր երևույթները կատարվել են Ս. Սարգսյանի իմացությամբ, ապա ստացվում է, որ գործող նախագահն իր պաշտոնավարման չորս տարիներին չի տիրապետել իրավիճակին և նախագահության ժամկետի ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ է իրազեկվել երկրում առկա հիմնախնդիրներին:

Այսինքն` Ս. Սարգսյանը նախագահական ընտրությունների է գնում` հասարակության մոտ թողնելով, մեղմ ասած, ոչ կոմպետենտ ղեկավարի տպավորություն: Հետաքրքիր է` հաշվարկե՞լ են արդյոք դա Սերժ Սարգսյանի քարոզչությամբ զբաղվողները: Թեև բացառված չէ, որ Ս. Սարգսյանը նմանատիպ մի խորհրդակցություն էլ անցկացրել է նրանց հետ ու որոշել է անձամբ զբաղվել նաև դրանով:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս