Քրեական հետապնդման հիմքն Օսկանյանի մորմոն լինե՞լն է

«Վարդան Օսկանյանի դեմ տարվող քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Առջևում ԱՄՆ ընտրություններն են, թեկնածու Ռոմնին մորմոն է, Օսկանյանը` ևս, ու Հայաստանն իր այս քայլերով փորձում է հաճոյանալ ռուսներին: Ռոմնին հակառուսամետ է, ռուսներն էլ հարց են դրել մեզ համար, թե ո՞նց Օսկանյանը թեկնածությունը կդնի, էն էլ՝ մորմոն: Դե, մենք էլ ցույց ենք տալիս, թե դա մեր մարդը չէ»,- մեզ հետ զրույցում ասաց  Տիգրան Կարապետյանը:

Մեր հարցին, թե որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները, որ Վարդան Օսկանյանը մորմոն է, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես` ով Ամերիկայից գալիս է՝ բողոքական է: Մեր տվյալներով՝ այդպես է. ինքը մորմոն է»:

ԺԿ նախագահը վստահություն հայտնեց, որ Օսկանյանի դեմ սկսված քրեական հետապնդումները ներքին քաղաքականության հետ կապ չունեն: «Ո՞ւմ է պետք, որ Օսկանյանը… Րաֆֆին կա (նկատի ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին.- Տ.Մ.)` կդնի Արևմուտքի անունից թեկնածությունը, այստեղ էլ խառնվում է Օսկանյանը… դե, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են»,- նշեց Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե չգիտի` ՌԴ-ի կողմից Հայաստանում ո՞վ կլինի նախագահի թեկնածուն:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներին, Տ. Կարապետյանը համոզված է՝ «թեկնածուներն ու անակնկալները շատ կլինեն»:

Տիգրան Կարապետյանը շեշտեց, որ ինքը հավանական չի համարում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Վարդան Օսկանյանին կձերբակալեն: «Կալանավորելը սխալ է: Ամեն դեպքում Օսկանյանը խելացի, գրագետ մարդ է: Կալանավորելու այնքա՜ն մարդ կա. թող ճիշտ ուղղություններով զբաղվեն»,- ընդգծեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս