Ռուսաստանի Խնայբանկը Dexia-ից գնել է թուրքական Denizbank-ը
Ֆրանս-բելգիական Dexia խումբը հայտարարել է Ռուսաստանի Խնայբանկին թուրքական Denizbank բանկի բաժնետոմսերի 99.5 տոկոս վաճառքի ավարտի մասին: Գործարքի բազային արժեքը կազմել է 2.79 միլիարդ եվրո, հաղորդում է РБК-ն:
Բացի այդ, Խնայբանկը մինչև այս տարեվերջ Dexia-ին պետք է վճարի այնքան գումար, որը համարժեք կլինի 2012 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում Denizbank-ի մաքուր ակտիվների աճին:
Dexia-ն ակնկալում է, որ ընդհանուր առմամբ Denizbank-ի վաճառքից կստանան 3.02 միլիարդ եվրո: Ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին: Այն ժամանակ ենթադրվում էր, որ գործարքը կկատարվի 2012 թվականի չորրորդ եռամսյակին: