Ինչի՞ց է գոհ և դժգոհ սոցապնախարարը

Այսօր ԱԺ-ում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ խոսելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին, ասաց, որ պետբյուջեով այս ոլորտին հատկացվել էր 58,6 մլրդ դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում ասաց, թե չի անդրադառնա ֆինանսական ցուցանիշներին, փոխարենը` կներկայացնի սոցիալական ոլորտում կատարված ծրագրերը` նշելով, որ նախորդ տարվա բյուջեով տնտեսվել է 18,5 մլրդ դրամ: Նրա խոսքով` 2011թ. շուրջ 40  իրավական ակտեր են ընդունվել կենսաթոշակների բարեփոխումների մասին, և կատարված աշխատանքի արդյունքում ունեցան կենսաթոշակների թվաքանակի ճշգրտում: Նախարարի խոսքով՝ իրենց աշխատանքային ուղղություններից մեկն էլ այն է, որ հնարավորինս նվազեցնեն սուբյեկտիվիզմի առկայությունը  կենսաթոշակների ոլորտում: Կենսաթոշակային ապահովության ոլորտում  կենսաթոշակների թիվը կազմում է 509.000, իսկ 2011թ. կենսաթոշակի միջին չափը եղել է 27.163 դրամ:

Նրա փոխանցմամբ` ընտանեկան նպաստների ոլորտում հաշվառված 115.000 ընտանիքներից  91. 575-ը ամսական միջին հաշվով ընտանեկան նպաստ են ստացել:

Ի պատասխան ՀՀԿ-ական  պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում` Ձեր կողմից սպասարկվող սոցիալական խմբերը գո՞հ, թե՞ դժգոհ են նախարարության աշխատանքից, Արտեմ Ասատրյանը նորից սկսեց թվարկել նախարարության ծրագրերը, այնուհետև սկսեց գովերգել դրանք, ապա նշեց, թե «գոհի և դժգոհի խնդիրը» վերաբերում է մատուցվող  ծառայություններին:

Կարդացեք նաև

ՀՀԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե նախարարության կողմից քանի՞ մարդ է աշխատանք ստացել՝ հաշվի առնելով նաև նախարարության անվանումը: Ի պատասխան,  նախարարն ասաց, թե 2011թ. եղել է 81.733 աշխատանք փնտրող, որոնցից 13,2%-ն աշխատանք է ստացել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս