«Սերժ Սարգսյանը` Օսկանյանի դեմ գործ հարուցելով, մաքրում է իր շրջապատը»

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր  դատախազ  Աղվան Հովսեփյանի կողմից երեկ  ԱԺ  ներկայացրած  միջնորդությանը, ասաց.

«Ես կարծում եմ, որ սա քաղաքական հետապնդում է: Էդպես կարելի էր չմտածել և ավելի խորանալ բուն գործի մեջ, եթե դա նախընտրական շրջանում չլիներ: Ավելին՝ եթե մտածենք, որ նույնիսկ ինչ-որ բան էնպես չէ «Սիվիլիթասում», ապա ես խորհուրդ եմ տալիս նույն էդ Դատախազությանը և գործող վարչախմբին՝ իրենց հայացքներն ուղղել իրենց շրջապատին, միգուցե գտնեն ավելի՞ կրիմինալ տարրեր, որոնց նկատմամբ կարելի է խափանման միջոց կիրառել»:

Հարցին, թե ի՞նչ կապ ունի նախընտրական շրջանը, և արդյո՞ք Լ. Սարգսյանը կարծում է, թե Վ. Օսկանյանը նախագահի պոնտենցիալ թեկնածու է, Լ. Սարգսյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, բայց չեմ բացառում, համենայնդեպս, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր ամեն ինչ անում է, որ բոլոր հավանական թեկնածուներին ոչնչացնի, շրջապատը մաքրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հակաքարոզչության միջոցով, պատվերով վերլուծությունների միջոցով, Օսկանյանին՝ քրեական գործ հարուցելով, կլինի մեկ ուրիշը, որը վերահսկելի չի լինի, ես չեմ բացառում, որ նրա դեմ էլ ինչ-որ բան կկիրառի: Նա ամեն ինչ պիտի անի, որ մնան թույլ թեկնածուներ, լինի մրցակցություն, և ինքը դառնա լեգիտիմ նախագահ»:

Լ. Սարգսյանը նշեց, որ կոնկրետ ինքը դեմ է քվեարկելու ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված միջնորդագրին: Իսկ հարցին, թե` Ձեր այդ դիրքորոշումը կիսո՞ւմ են ՀԱԿ-ում, չէ՞ որ ՀԱԿ-ում տարաձայնություններ կան, օրինակ` Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը կողմ է քվեարկելու, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Ես նախևառաջ արտահայտում եմ իմ տեսակետը, բայց ես կարծում եմ, որ շատերն ինձ նման կքվեարկեն: Մեզանից շատերը դա դիտարկում են՝ որպես քաղաքական հետապնդում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս