
Հաճախ քնաբեր ընդունելը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ

Շատերը, զբաղվելով ինքնաբուժությամբ ու ընդունելով քնաբեր հաբեր, վնասում են իրենց առողջությունը: BBC-ի փոխանցմամբ` ինսոմնիայով (անքնություն) տառապող մարդկանց ուղիղ կեսը սկսում է քնաբեր հաբեր օգտագործել`առանց բժիշկների հետ խորհրդակցելու:
ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեք մարդուց մեկն ինսոմնիայի հետ կապված խնդիրներ ունի: BBC-ն նշում է, որ անքնությամբ տառապողների թիվը մեծ է, քանի որ շատ են նաև հոգեկան խանգարումներ ունեցողները` դեպրեսիա, շիզոֆրենիա: Ինսոմնիայի մեծ թիվը պայմանավորվում է նաև սրտանոթային, Ալցհեյմերի հիվանդություններով, հորմոնային խնդիրներով:
2077 մարդու շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մեծ մասն անքնության խնդիրներ ունենալու դեպքում ընդունել է քնաբեր դեղամիջոցներ՝ առանց բժշկական խորհրդատվության:
Հետազոտության ղեկավարներից մեկը նշել է, որ երկար ժամանակ առանց բժշկական խորհրդատվության քնաբեր ընդունելը կարող է մարդկանց առողջությանը վնաս հասցնել, քանի որ դրանք, ըստ մասնագետների` կարող են լուրջ առողջական խնդիրները ծածկել, որն էլ չբուժվելու դեպքում կարող է ավելի խորանալ: