«Ավելի լավ է շան հաչոց մեկնաբանեմ, քան՝ Ահարոն Ադիբեկյանին»

«Դուք Ահարոն Ադիբեկյանին այսքանից հետո դեռ լուրջ մա՞րդ եք համարում ու ուշադրությո՞ւն եք դարձնում նրա հարցումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կատարած վերջին հարցումներին, ըստ որոնց՝ 1650 հարցման մասնակիցների 30.4% -ը ցանկանում է նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի կարգավիճակում տեսնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ավելի լավ է շան հաչոց մեկնաբանեմ, քան՝ Ահարոն Ադիբեկյանի ասածները: Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին՝ անձամբ ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ կոնկրետություն դեռ ոչ մեկը չի մտցրել: Կարծում եմ, որ այդ գործում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն ընդհանրապես անընդունելի է»,- նշեց Ե. Աբգարյանը:

Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կհամաձայնի՞ սատարել քաղաքական այլ ուժի թեկնածուին, ՀՀՇ վարչության անդամը պատասխանեց. «Ես դա չեմ պատկերացնում: Բացի Կոնգրեսից, լուրջ այլ ընդդիություն գոյություն չունի: Ոչ մեկը թող հեքիաթներին չհավատա: Բոլոր մնացած ուժերն այսպես, թե այնպես, իշխանության հետ առևտրի մեջ են, բացառությամբ ՀԱԿ-ի»:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում հանդես կգա իր սեփական թեկնածուով, Երջանիկ Աբգարյանը դրական պատասխանեց:

Կարդացեք նաև

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ԲՀԿ-ն կսատարի՞ ՀԱԿ-ի թեկնածուին: Ի պատասխան, Երջանիկ Աբգարյանն ասաց. «Ես որևէ տեղեկություն չունեմ, երբևէ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ինչ-որ բանով սատարե՞լ է, թե՞ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս