«Սև և իրական» (լուսանկարներ)

Ոչ թե պճնամոլ, այլ փիլիսոփայական տարածք

Անկախության տոնը մայրաքաղաքում նշվեց ճիշտ այնպես, ինչպես անկախության մասին հանրային և պետական ապարատի պատկերացումներն են: Այսինքն` ոմանք վերապրեցին անկախ պետականություն ունենալու փիլիսոփայությունը, ոմանք` «ճոխ» բեմականացում «սարքեցին», որոշ մարդիկ էլ հաստատեցին, որ անկախությունը միֆ է: Երեկ, համատարած տոնակատարությունների ֆոնին, թերևս, ամենաանկեղծ իրադարձությունը տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի թանգարանում:

Թեև մի խումբ աբստրակցիոնիստների կազմակերպած ցուցահանդեսի բացման օրը պարզապես համընկել էր Անկախության օրվա հետ, այդուհանդերձ, ասոցիատիվ ամենաանկախ ու ազատ տարածքը Ժամանակակից արվեստի թանգարանն էր: Այսինքն` անկախության գաղափարը վիճարկող խնդրահարույց հասարակության մեջ կա մի տարածք, որտեղ անհատն անկախ, ազատ է` անկախ քաղաքական, դիվանագիտական, օրենսդրական ու սահմանադրական պետական իշխանության դիրքորոշումներից:

Ստեղծագործողն ազատ է իր զգացողությունների, պատկերացումների, գաղափարների` իր բնության մեջ: Ընդ որում` էքսպոզիցիան ամբողջովին վերարտադրում էր ստեղծագործողներից ամեն մեկի ազատության ու անկախության զգացողությունն ու ինքնատիպ անհատականության մտածողությունը: «Սև և իրական» խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում բնակվող հայ աբստրակցիոնիստները:

Կարդացեք նաև

Մասնակիցներից Քիքին (Գրիգոր Միքայելյան) «Սև և իրական» խորագիրն առաջարկում է նաև ընկալել` որպես «Սև և բախտավորի» կոնտեքստում. «Սևը ոչ մի դեպքում բացասական չէ, դրա համար որոշեցինք նաև «Սև և բախտավոր» տարբերակը: ««Սև և բախտավորը» մեր համար է, որովհետև մենք գիտենք, որ սևը բախտավոր է, իսկ «Սև և իրականը» խորագիրն է: Սևը մարդուն անհանգստացնում է, տարօրինակ է թվում, որովհետև իլյուզիա չկա: Մարդը համարում է` կյանքն առանց իլյուզիայի իմաստ չունի, բայց իրականում հակառակն է»:
Ի դեպ, նշենք, որ ցուցահանդեսի բացումը բավական մարդաշատ էր, և թանգարանում աննկարագրելի ոգևորություն կար:

Քիքին ասում է, որ ցուցահանդեսի բացման արարողության ավանդույթը Հայաստանում պահպանվել է, իսկ, օրինակ` ԱՄՆ-ում այն չկա: Այսինքն` ցուցահանդեսների բացման արարողության ընթացքում բացման խոսքի ավանդույթ չկա, հեռուստատեսությամբ ներկայացնելու հետաքրքրություն չկա, և, ի վերջո, նման քանակության մարդկային հոսք չկա: «Ամերիկայում արվեստը չի լուսաբանվում, ավելի շատ լուսաբանվում են քաղաքական, շոու-բիզնեսի իրադարձությունները: Գալերեաները չեն նկարում, հեռուստատեսությամբ արվեստի մասին հազվագյուտ են խոսում, իսկ այստեղ շատ ակտիվ է, ինչպես առաջ էր: Այստեղ մարդիկ սիրում են նայել, խոսել, մեկնաբանել: Էնտեղ վաղուց արդեն հետաքրքրությունը մարել է, որովհետև շուկա է դարձել:

Մարդիկ էստեղ գալիս, նայում ու տեսնում են, որովհետև իրենց հարցերն արվեստի վերաբերյալ են: Ամերիկայում մարդիկ խոսում են էն թեմաներով, ինչն իրենց հետաքրքիր է, բայց արվեստից չեն խոսում»,- ասում է Քիքին` հավաստիացնելով, որ այցելուների հարցադրումների բովանդակությունը հաստատում է, որ շատ հետաքրքրված են աբստրակցիոնիզմով, ինչը վկայում է, որ ցուցահանդեսում ներկայացված գործերի նշանակությունը կա, հենց այնպես չեն կախված:
Քանդակագործ Աշոտ Հարությունյանը ցուցահանդեսի այցելուների ոգևորությունն արդեն իսկ տոն է համարում: «Մարդկանց մեջ իսկապես տոն կա: Այս ակտիվությունը նաև կապված է Սէվի ու Քիքիի Հայաստանում լինելու երևույթի հետ: Դա փաստ է, որովհետև, ի վերջո, երկուսն էլ հայաստանյան արվեստի լուրջ ֆիգուրներն են:

Ընդհանրապես Անկախության տոնին ցուցահանդես կազմակերպելու մտադրություն չունեինք. այնպես ստացվեց, որ թանգարանի գրաֆիկում երեք օրով խցկվեցինք, և բացումը համընկավ այս օրվա հետ: Եթե համեմատություն անցկացնենք, ապա այս օրերին միշտ էլ շինծու, սարքովի ցուցահանդեսներ անցկացվում են` նվիրված էսինչ ամյակին: Եթե նույնիսկ ամյակ էլ չկա, Տիգրան Մեծի, Հայկի, Բելի ամյակները կգտնենք: Այս ցուցահանդեսի երևույթը հրաշալի բան է, շատ լավ է»,- ասում է Ա. Հարությունյանը` հավելելով, որ անհատի անկախությունն ինչ-որ առումով կախված է երկրի անկախությունից, քանի որ երկրում սեփական անձի պաշտպանվածության վստահություն պետք է լինի: Այլ կերպ ասած` ցանկացած մարդ ազատ դրսևորման իր իրավունքի պաշտպանվածության կարիքն ունի, որը, ցավոք, Հայաստանում պատշաճ չի արտահայտվում, իսկ նման փոքրիկ խմբերի, անհատների ինքնադրսևորվելու երևույթները դեռևս ցուցանիշ չեն:

«Այնուամենայնիվ, արվեստագետն այն առաջին դեմքերից է, ով իրեն թույլ է տալիս դրսևորվելու` շնորհիվ իր անհատականության, անկախության և ազատության: Էն մարդիկ, ովքեր գալիս են ցուցահանդես` ցանկանում են այդ համարձակությունը վերապրել և այդ մղումներն իրենց հետ տանել: Այս տեսակ ցուցահանդեսներն ազատության մղումով վարակելու հատկություն ունեն, մարդիկ ինչ-որ բան տանելու են իրենց հետ»: Աբստրակցիոնիստ Խաչատուր Մարտիրոսյանն այս ցուցադրությունն ավելի շատ համարում է հանդիպում: Ընդ որում` այդ հանդիպման մեջ նաև կա հայտնություն, որովհետև հանդիպեցին նաև հեղինակների նկարները:

«Կարծում եմ` կարիք չկա ցուցահանդեսի մասին խոսել` իբրև երևույթ, որովհետև, եթե անգամ մարդ էլ չգար, հետաքրքրություն չլիներ, միևնույն է` մենք մեր չափով բավարար էինք մեր մտքերը ճիշտ տրամաբանության հասցնելու համար: Սպասելիքների խնդիր չունենք, բայց, բնականաբար, շատ ոգևորիչ է այս միջավայրի առկայությունը: Թեև այսօրվա տոնի հետ կապված մեր ցուցահանդեսի բացումն ուղղակի համընկել է, բայց ես համարում եմ, որ դրա մեջ խորհուրդ, հիշողություն, կարևորություն կա: Չնայած դրան, պետք է շեշտեմ, որ արվեստագետը միշտ է ազատ ու անկախ»,- ասում է Խ. Մարտիրոսյանը` հավելելով, որ աբստրակցիոնիստների այն խումբը, որը ներկայացված է, ամեն օր է խոսում արվեստի, նկարչության մասին, հետևաբար` սեպտեմբերի 21-ին զրույցը տեղափոխվել է Ժամանակակից արվեստի թանգարան:

Անդրադառնալով «Սև և իրական» խորագրին` Խ. Մարտիրոսյանն ընդգծում է, որ սևը գույնի տարածքը, կարևորությունն է: Թեև շատերը սև գույնից ֆոբիա կամ վախեր ունեն, այդուհանդերձ նա վստահեցնում է, որ սևը մաքուր գունային տարածություն է, իսկ ընդհանրապես սև գույնի առկայությունը մեր առօրյա կյանքում շատ կարևոր է. «Կարևոր է, որովհետև սևը պճնամոլ չէ` փիլիսոփայական տարածություն է: Աշխարհիկ կառույցի մեջ սև գույնը միշտ կա և միշտ էլ անտեսված է եղել: Շատ մեծ նկարիչներ նախընտրել են սև գույնը, որովհետև դա ամենաարտահայտիչ երևույթն է և՛ տարածության, և՛ մտքի խորության մեջ: Սևի կատեգորիան շատ լավն է»:

Ցուցահանդեսի հեղինակներից Լեո-Լեոյի (Լևոն Վարդանյան) գործերում խորքային սևերը գերակշռում են, սակայն այդ սևի մեջ առկա են բազմաթիվ գույներ ու երանգներ: Այլ կերպ ասած` նկարչի համար սևը դատարկ տարածություն չէ, քանի որ նա սևի մեջ տեսնում է պոզիտիվ, հետաքրքիր, խորը երևույթներ: «Խորագիրը բոլորիս միացրել է, բայց ոչ ոք նկարելուց չի մտածել խորագրի մասին: Այսինքն` խորագիրն ունի ֆորմատ, որը հարմար է բոլորիս: Բնականաբար, բոլորս ունենք տարբեր մոտեցումներ, փիլիսոփայական կողմնորոշում, նախասիրություններ, բայց տեսակի մեջ յուրովի ենք ընկալում սևը»,- ասում է Լեո-Լեոն, ում կարծիքով` արվեստագետի անկախությունը կապ չունի երկրի անկախության հետ, այլ ուղիղ կապ ունի տիեզերքի անկախության հետ, որն ունիվերսալ հասկացողություն է` հողն է, բնությունն է, իսկ պետությունն ու երկիրը` այլ գաղափարներ են: Այլ կերպ ասած` արվեստագետի անկախությունը հոգևոր է, իսկ պետությունը չի կարող սահմանափակել մարդու միջի տիեզերքը. «Ստեղծագործողի ես-ի տարածքն ազատ է»:

Ի դեպ, նշենք նաև, որ «Սև և իրական» ցուցահանդեսին մասնակցում է նաև ԱՄՆ-ում բնակվող հայ աբստրակցիոնիստ Նարինե Իսաջանյանը, ով օրեր առաջ մի քանի օրով ժամանել է Հայաստան: «Նման ցուցահանդես ես, Քիքին, Սէվը նախատեսել էինք իրականացնել մոտ 10 տարի առաջ: Միտքն այն էր, որ ցուցահանդեսն ավելի նեղ շրջանակով իրականացնեինք Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, այնուհետև` Երևանում: Այնպես ստացվեց, որ ամեն ինչ ճիշտ ժամանակին կատարվեց: Մեզ միացան մեր ընկերները, և ամեն ինչ շատ հետաքրքիր ստացվեց: Այսինքն` այն, ինչ մենք մտածում էինք իրականացնել 10 տարի առաջ մեկ այլ ձևով, ուրիշ ժամանակի մեջ, ուրիշ կարգավիճակով ստացվեց: Ինչ վերաբերում է խորագրին, ապա պետք է նշեմ, որ իմ կոնցեպցիայի մեջ սևը եղել է իրականությունը»:

Նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը կարծում է, որ, եթե մենք չճանաչենք սևը` չենք կարող իմանալ, թե երբ է գալիս լույսը. «Պատկերացրեք, եթե գիշերը չգար, ինչպե՞ս պետք է իմանայինք, որ առավոտ է: Պետք չէ սևին մոտենալ սգի խորհրդով կամ վախի զգացումով: Ի վերջո, եթե դաշնամուրի ստեղնաշարի վրա չլինեին սև ստեղները` մենք չէինք կարող նվագել, եթե չլիներ գիշերը` չէինք կարող ընկալել նաև լուսաբացը: Իսկ ընդհանուր առմամբ` սևի մեջ ամեն գույնը կա»:

Մասնակիցներից Մոկո (Մարիամ) Խաչատրյանն էլ վստահեցնում է, որ այս ցուցահանդեսն առաջին հերթին հանդիպում էր հայաստանաբնակ և սփյուռքում ապրող աբստրակցիոնիստների միջև:

«Կոնցեպցիան` յուրաքանչյուրս մեր աշխատանքով սև գույնը ներկայացնելն էր, քանի որ սև գույնի մեջ մեծ խորություն, յուրահատկություն կա, որը չունի որևէ այլ գույն: Անկեղծ ասած` անսպասելի էր այցելուների նման ակտիվությունը: Եթե հաշվի առնենք, որ Անկախության օրն է, ու քաղաքում բազմաթիվ միջոցառումներ կան, ապա նաև շատ ոգևորիչ է, որ նման մեծ քանակությամբ մարդիկ ընտրել են ցուցահանդեսին մասնակցելը: Նաև զարմանալի է, որ մարդիկ նայում ու սկսում են հարցեր տալ հեղինակին, ուշադրությամբ լսում են մեկնաբանությունները: Շատ ուրախ եմ, որ ցուցահանդեսը համընկավ Անկախության օրվա հետ, որովհետև բոլոր աբստրակցիոնիստներն իրենց ներսում անկախ մարդիկ են: Այսինքն` շատ ճիշտ հանդիպում էր»,- ասում է Մոկո Խաչատրյանը` հավաստիացնելով, որ մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, արվեստի հանդեպ հետաքրքրություն կա:

Տեսանյութեր

Լրահոս