Գնալու է համալիր, որպեսզի «անկախության մատուցած կոնյակով խմի Սովետական Հայաստանի կենացը»

Հայաստանի կոմունիստական կուսակցության  առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այսօր հայ ժողովուրդն այնպիսի վիճակում է, որ խոսել «տոնակատարության կամ տոնելու մասին»` ավելորդ է. «Այսօր ժողովրդի չարքաշ վիճակն իրավունք չի տալիս անկախության մասին ինչ-որ դրական խոսք ասել: Բացի դրանից՝ շատ լավ անկախության գնահատականը տվել է հենց մեր ամենալավ բանաստեղծը՝ Համո Սահյանը, ահա այդ բանաստեղծությունը.

«Դրախտավայրը մենք դժբախտավայր ենք դարձրել,
Ավարայր, գաղթավայր, գոմաղբավայր ենք դարձրել.
Մերժել ենք գութ ու ամոթ, խժռել պատիվը ցեղի,
Անփառունակ խուժանի դժոխքավայր ենք դարձրել»:

Չնայած Ռուբեն Թովմասյանը գտնում է, որ հայ ժողովուրդն այնպիսի վիճակում է, որ խոսել «տոնակատարության կամ տոնելու մասին»` ավելորդ է, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում նա նշեց, որ ինքը մասնակցելու է նախագահի հրավիրած միջոցառմանը, որպեսզի «անկախության մատուցած կոնյակով խմի Սովետական Հայաստանի կենացը»: Պարզվում է` անկախության մասին խոսելը Ռ. Թովմասյանն  ավելորդ է համարում իր տանն ու իր շրջապատում:

Ըստ նրա՝ իրական անկախ պետություն էր Սովետական Հայաստանը, որտեղ 60.000 երիտասարդ անվճար սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատություններում, նրանց բացարձակ մեծամասնությունը ստանում էր թոշակ և ապահովված էր աշխատանքով:

«Ես անկախ պետություն Սովետական Հայաստանն եմ տեսնում, Սովետական Միության կազմում, որտեղ օրական բեռնվում ու բեռնաթափվում էր 4000 վագոն ժողովրդատնտեսական բեռներ, երբ Հայաստանի արտադրության մոտ 130 արտադրատեսակներ արտահանվում էին աշխարհի տարբեր, այդ թվում՝ առաջավոր երկրներ: Սովետական Հայաստանն արդեն հասել էր տիեզերք և տիեզերքի հարցն էր լուծում, խաղաղ ապրում էր հայ ժողովուրդը: 350.000-անոց հանրապետությունը հասավ մինչև 4 միլիոնի»,- նշեց Ռուբեն Թովմասյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս