
«Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունն այս տարի Անկախության օրը տոնում է նախագահի հետ

«Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունն այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության տոնը նշել է Մարզահամերգային համալիրում` նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած միջոցառմանը: Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց կուսակցության նախագահ Ժաննա Մանուկյանը:
«Ես նախկին անկախական եմ: Անկախությունը և պետականության վերականգնումը մեզ համար առաջնային խնդիր է: Միշտ, ամեն տարի մենք դիմավորել ենք, ուղղակի այս տարի տոնում ենք նախագահի հետ, իսկ նախորդ տարիներին եղել են նաև հանդիպումներ կուսակցության անդամների հետ»: Ժաննա Մանուկյանը նաև ասաց, որ կուսակցությունը մասնակցելու է նաև Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգին:
«Յուրաքանչյուր հայ իր հոգում պետք է ունենա անկախության գաղափարը: Պետականության վերականգնումը և Հայաստանի հզորացումը պետք է լինի առաջնային: Ամենակարևորը Հայոց կանաց համար խաղաղության պահպանումն է, լուրջ դժվարություններին մենք կարող ենք դիմանալ, կարող ենք հաղթահարել դրանք, բայց խաղաղությունը պետք է պահպանենք»,- նշեց «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության նախագահը: