«ԲՀԿ-ին հասկացնում են, որ ստուգումներից հետո «լկտիություն, խայտառակություն» կարող է առաջանալ»
«Դուրս է գալիս, որ ամեն անգամ մեզ մոտ մի ներկայացումը փոխարինվում է մեկ այլ ներկայացմամբ: Բեմադրությունները արարներով շարունակվում են, բայց չեն ավարտվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությանը հաջորդած` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ Հակոբ Բեգլարյանին պաշտոնից ազատելու մասին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմանը:
«Եթե հիշում եք Գագիկ Բեգլարյանի հետ կապված արարների շարքը, ապա հիմա ականատես ենք դառնում հաջորդ արարների շարունակմանը: Մի շոուն փոխանցվեց մյուս շոուին: Վերջին շոուն, կարծում եմ, կլինի այն, որ պաշտոնից կազատվի կամ կձերբակալվի որևէ օպեր-լիազոր: Մի խեղճ ու կրակ մեկին կգտնեն ու հարցն այդպես կլուծեն: Ատկատի գործերում դժվար թե որևէ նախարարություն իր դերը զիջեր ինչ-որ այլ կառույցի. փողի մասին լսելուց բոլորն առաջինն են կանգնած»,- ասաց նա՝ հավելելով, թե շոուների այս շարունակականությունն արվում է` հասարակությանն ապացուցելու համար, որ «երկրում նախագահ, կառավարություն, Դատախազություն, ԱԱԾ գոյություն ունեն»:
«Եթե ես չտեսնեի նախագահի ելույթից հետո տարվող այս շարունակությունը, կմտածեի, որ նախագահի մտքին կա՝ սկսել մի գործընթաց, որը կվերջանա կառավարության պաշտոնանկությամբ: Բայց երեկ համոզվեցի, որ սա շոու էր՝ հասարակությանը ցույց տալու համար, որ իշխանությունն այս բարդ վիճակում փորձում է կարգի բերել դաշտը»,- ընդգծեց Արամ Կարապետյանը:
Ի դեպ, ՆԺԿ նախագահն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այն նախարարությունները, որոնց մասին խոսեց նախագահը խորհրդակցության ժամանակ, բացառությամբ՝ Պաշտպանության նախարարության, նախկինում ԲՀԿ-ի կողմից ղեկավարած կառույցներն են եղել:
«Որպեսզի նախագահն ուղղակիորեն չբախվի ԲՀԿ-ի հետ, ասում է՝ ոլորտի վիճակը վատ է, վատ եղել է միշտ, ու իրենք այս մասին երկար ժամանակ խոսել են: ԲՀԿ ներկայացուցիչներին հասկացնել են տալիս, որ «լկտիություն, խայտառակություն» կարող է առաջանալ ստուգումներից հետո»,- պարզաբանեց Կարապետյանը: