Ստամբուլի հայկական եկեղեցուն է վերադարձվել քսան հազար քառակուսի մետր տարածք

Ստամբուլի Օրթագյուղ թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցուն վերադարձվելու է շուրջ 20 հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող հինգ հողամաս: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:

Եկեղեցու հոգևոր խորհրդի ղեկավար Իսքենդեր Շահընքեօզը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ներկաներին հիշեցրել է, որ դեռևս 2011 թվականին խորհուրդը դատարան էր ներկայացրել 15 դիմում, որոնցից ներկայում բավարարվել է միայն 5-ը, ևս մեկի դատավարությունը դեռևս շարունակվում է, իսկ մյուս ինը դիմումները բավարարելու նպատակով խորհուրդը շարունակում է աշխատանքներ տանել:

Հայկական եկեղեցուն վերադարձված հինգ հողամասերից երեքը գտնվում են իրար կից, և նրանց վրա գործում է «Օրհանիե» զորամասը, իսկ մյուս երկուսը գտնվում են եկեղեցու մոտ: Շահընքեօզի խոսքերով, դատական գործընթացը դեռ շարունակվում է և ճշտվում է ժամանակացույցը, թե երբ պետք է այդ տարածքները դատարկվեն և անցնեն եկեղեցու անմիջական տնօրինման տակ:

«Սա համայնքի նոր հաղթանակն է, և ամբողջ համայնքը պետք է միասնաբար ապրի այս հաջողության բերկրանքը»,- ընդգծել է Շահընքեօզը: Անդրադառնալով Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգմանը` խորհրդի ղեկավարը նշել է, որ շուրջ երկու տարի տևած հիմնանորոգումից հետո եկեղեցին սեպտեմբերի 29-ին պետք է վերաբացվի և վերաօծվի Պոլսի Հայոց պատրիարքարանի առաջնորդական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս