ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն. Ժան-Կլոդ Մինյոն

«ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն»: Այս մասին նախօրեին Ստրասբուգրում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

ԱԺ պաշտոնական կայքի համաձայն` Ժան-Կլոդ Մինյոնը ասել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում ու տեղեկացրել, որ առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ըստ Մինյոնի` ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք է նաև հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը :

Ինչ վերաբերում է Սաֆարովի դեպքին, ապա այս առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Եվ Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ-ն առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար ու ափսոսանքով ընդգծել, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ ու չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է կատարվածը` Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման և արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսևորումները կարող են վարակիչ լինել, իսկ դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլև միջազգային հանրության:

ՀՀ ԱԺ նախագահը նաև բարձր է գնահատել ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձևով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ.

«Դուք ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, և որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ կդառնար նաև փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակել է իր խոսքը Հ.Աբրահամյանը:

Իսկ հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս