
Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրարին:
Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Ս. Օհանյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ և բարեկամական հարաբերությունները պահանջում են, որպեսզի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ զարգանա նաև համագործակցությունը պաշտպանական բնագավառում:
Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության և վերապատրաստման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնվող այլ հարցեր: