Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ ՀԱԿ հանրահավաքը կարող է սեպտեմբերին կայանալ
«Նախ` ո՞վ ասաց, որ չի կայանալու, մենք դեռ նման որոշում չենք կայացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ի խոստացված հանրահավաքը այդպես էլ չի կայանալու սեպտեմբեր ամսին:
Իսկ երբ նրան տեղեկացրեցինք, որ նման կարծիք հայտնել է ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Դա իր անձնական կարծիքն է: Մենք այդ հարցը քննարկել ենք, այս պահին որևէ որոշում չունենք»:
Հարցին, թե`այսինքն` այս պահին չե՞ք կարող ասել` հանրահավաքն, ի վերջո, սեպտեմբերի՞ն կլինի, թե՞ հոկտեմբերին, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել` ո´չ»: Նաև հավելեց. «Բայց չեմ բացառում, որ սեպտեմբերին լինի»:
«Բայց ամեն դեպքում հանրահավաքը սեպտեմբերի 21-ին չի՞ կայանա»` մեր ճշտող հարցին ի պատասխան, ՀԱԿ համակարգողն ասաց. «Սեպտեմբերի 21-ին մենք տոնական հավաք ենք հայտարարել»:
Հարցին էլ, թե` Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալո՞ւ է այդ հավաքին, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Դա արդեն ինքը կորոշի»:
Նաև հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում ի՞նչ հարցեր են քննարկվել, սակայն Լ.Զուրաբյանը չցանկացավ պատասխանել` նշելով, որ «ոչնչով չի կարող օգնել»: Միայն նշեց, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից թեկնածուի առաջադրման հարցը չի քննարկվել:
Հիշեցնենք, որ այսօր ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ» թերթի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է հետաձգվում ՀԱԿ հանրահավաքը, պատասխանել էր. «Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս չի հայտարարել` արդյոք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ, հետևաբար սպասում ենք, տեսնենք`ինչ զարգացումներ կլինեն, նաև կստուգենք մեր հնարավորությունները մասնակցության մասով, որից հետո հանրահավաք կլինի: Ես կարծում եմ, որ հանրահավաքը պետք է անել հոկտեմբերի 10-ի հատվածում»: