Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը պարզեցվում է

Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հնարավորինս պարզեցրել, թափանցիկ է դարձրել վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու, վկայական տալու գործընթացը։

Որոշման համաձայն քաղաքացին այլևս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը հանձնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին։

Վարորդական վկայական ունեցող անձը որևէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլևս չի հանձնելու տեսական քննություն։ Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վկայական փոխանակելիս, կորած վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր։

Ընդունված որոշման համաձայն գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում։ Վերացվում են նաև մի շարք այլ պահանջներ, ինչի շնորհիվ վկայական ստանալու գործընթացը կդառնա առավել թափանցիկ։

Կարդացեք նաև

1981 թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորություններն ապահովելու նպատակով և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ` կառավարությունը կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմիններ է նշանակել ՀՀ ԿԱ ոստիկանությունը և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն և լրացումներ` կառավարությունը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելու համար ՀՀ ԿԱ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից տեղեկատվության ստացումը։ Դրա անհրաժեշտությունն առաջանում է ինչպես ֆինանսական հաստատությունների արտոնագրման, դրանց ղեկավարների գրանցման, այնպես էլ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրականացվող համագործակցության ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս