«Վատն այն է, որ ինձ ընկալում են միայն ժողովրդական երգերի կատարող, ես այդպիսին չեմ»

Ասում է Գուրգեն Դաբաղյանը, ում վերջին տեսահոլովակը հասարակության շրջանում բուռն
արձագանք ստացավ: Ոմանք քննադատում էին երգչին, ոմանք` գովում նրա համարձակ քայլը:

– Հիմա ինչո՞վ ես զբաղվում:

– Ճիշտն ասած` դադարից հետո արդեն 4-5 տարի անցել է: Շատ աշխատանքներ եմ հասցրել անել այս տարիների ընթացքում: 4 ամիս առաջ նկարահանեցի և հանրության դատին ներկայացրի «Աննման եղնիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Արդեն պատրաստ է նոր տեսահոլովակը: Շուտով կլինի նաև պրեմիերան:

– Ասել ես, որ համարձակ տեսահոլովակներ են նկարահանելու այսուհետ: Դա այդպե՞ս է:

– Ես չեմ հիշում, որտեղ եմ ասել, որ համարձակ տեսահոլովակներով եմ հանդես գալու, բայց հաստատ ասած կլինեմ: Նման բան սպասվում է թե՛ տեսահոլովակի, թե՛ իմ, թե՛ երգի մատուցման մեջ: Այսինքն` ժողովրդական վիճակների մեջ չեմ լինելու, որով սովորաբար մեր հանդիսատեսը սովոր է ինձ ընդունել: Մատուցելու եմ ժամանակակից, այսօրվա տենդենցներին համապատասխանող երգեր և տեսահոլովակներ: Թող չթվա մարդկանց, որ ոճական փոփոխություններ եմ կատարում, կլինի և՛ ժողովրդական երգերի կատարումներ, և՛ այլ ժանրերի կատարումներով հանդես կգամ: Վատն այն է, որ մեր հասարակությունն ինձ ընկալում է միայն ժողովրդական երգերի կատարող, ես այդպիսին չեմ:

– Ինչպիսի՞ն ես դու:

– Ես իրականում շատ տարբեր եմ, իմ լսած երաժշտությունն այլ է մատուցածիցս: Ուղղակի մանկուց ժողովրդական երգեր եմ երգել, դա իմ մեջ նստած է, բայց դա չի նշանակում, որ ոչ մի այլ բան ես չեմ կարող կատարել: Հնարավոր է, որ հետագայում ես երգեմ ավելի այլ ոճերում:

– Նոր տեսահոլովա՞կ ես պատրաստում:

– Նոր տեսահոլովակի երգի հեղինակը Գուսան Բագրատն է: Բառերը նոր է գրվել, գրել է Արթուր Եղինյանը, տեսահոլովակը նկարահանել է Արթուր Վարդանյանը: «Յար, յար» է երգի անունը: Արագ, ուրախ պարային տեսահոլովակ և երգ, որտեղ, բացի «Ամարաս» պարային համույթի սաներից, պարում եմ նաև ես:

– Ինչպե՞ս ես սիրում անցկացնել հանգիստդ:

– Իմ նախասիրությունները շատ տարբեր են: Լեռներն ինձ մոտ առաջին տեղում են: Իմ ամառային հանգիստն անցկացրել եմ Հայաստանում, լեռներում, վայրի պայմաններում: Ես շատ արտասահմանցի ընկերներ ունեմ, և այս տարի նրանց հետ Խոսրովի արգելոցում, Գեղամա լեռներում, վայրի պայմաններում 15 օր հանգստացանք: Դա ինձ համար շատ ավելի հետաքրքիր ու լավ էր, քան` ես գնայի Դուբայ, ծով, հյուրանոցներ և այլն: Արարատի գագաթ եմ բարձրացել, սպորտով զբաղվել եմ սիրում: Քաղաքում եղած ժամանակ սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, ակումբներ հաճախել:

– Ակումբային կյանքը քեզ համա՞ր է:

– Չեմ ասի, որ ակումբային կյանքը լիովին ինձ համար է, բայց երբեմն` ինչ-որ առիթների դեպքում, ընկերական շրջապատով գնում եմ:

– Ինչպիսի՞ն է քո ընկերական շրջապատը: Ո՞ւմ կարող ես համարել քո ընկերը:

– Իմ ընկերները նրանք են, ովքեր ինձ հարազատ են, ում հետ կարելի է անմիջական շփվել, կատակներ անել: Ես սիրում եմ անմիջական մարդկանց, ազատ շփումները: Դա ինձ համար կարևոր է:

– Ապագա պլաններդ երգի՞ հետ են կապված:

– Երգի ուղղությամբ եմ շարունակելու: Կլինեն տեսահոլովակներ, համերգներ: Աշխատանքիս մեջ պահելու եմ հին հայկական ավանդական երգը` չմոռանալով նորի և հետաքրքիրի մասին:

– Ներկայիս շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ շփում չունես, ինչո՞ւ:

– Նայած` ում հետ: Նրանց շփումն էլ ձևավորվել է ծրագրերի, խառը նախաձեռնությունների հիմքում: Ես քանի որ խառը համերգների համարյա չեմ մասնակցում, ուստի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից քչերի հետ եմ շփվում: Սակայն կան մարդիկ, որոնց հետ կապ պահում եմ: Ես ոչ մի երաժշտի հետ շատ մոտ չեմ: Ես նախընտրում եմ շփում ունենալ այն մարդկանց հետ, որոնց հետ կկարողանամ խոսել երգից բացի` այլ թեմաներով ևս:

– Բնույթով ինչպիսի՞ն ես:

– Ես կարող եմ լինել և՛ շփվող, և՛ չշփվող: Եթե մարդն ու միջավայրն ինձ խանգարեց, չեմ շփվի: Բայց, ընդհանուր առմամբ, շփվող մարդ եմ:

– Մարդու արտաքի՞նն է քեզ համար կարևոր, թե՞ ներքինը:

– Արտաքինին անպայման նայում եմ, ինձ համար կարևոր է: Ես չեմ կարծում, որ մենակ ներքինն է կարևոր, ո՛չ, արտաքինն էլ է շատ կարևոր: Եթե արտաքինը վատը լինի, ինքնըստինքյան ներքինը կորում է: Դեմքը, դիմագծերը, հասակը, գեղեցկությունը, ամեն բան էլ կարևոր է: Մանավանդ, եթե աղջիկների մասին է խոսքը:

– Ընկերներիդ շրջապատում աղջիկնե՞րն են գերակշռում, թե՞ տղաները:

– Տղա ընկերներս ավելի շատ երաժշտական շրջանակի մեջ են, իսկ առօրյա կյանքում աղջիկները գերակշռում են: Աղջիկների հետ շատ հետաքրքիր է շփվել: Ես աղջիկների հանդեպ անուշադիր չեմ, սիրում եմ աղջիկների հետ շփվել, ծանոթանալ, սիրում եմ սիրուն աղջիկներին: Եթե ասեի` չեմ սիրում, դա նորմալ չէր լինի: Ես համարում եմ աննորմալ այն փաստը, որ տղան աղջկա հետ շփվելուց հաճույք չստանա, նա իրեն չհետաքրքրի: Իմ պարագայում այդպես չէ, ես սիրում եմ աղջիկներին:

– Ո՞ր աղջիկներին ես դու գեղեցիկ համարում:

– Ես շատ նիհար աղջիկների չեմ սիրում: Ես սիրում եմ հետաքրքիր կլորություններ ունեցող աղջիկների: Ես արևելյան գեղեցկությունն եմ սիրում, սևի մեջ, արաբական, պարսկական ոճի գեղեցկությամբ կանանց: Հայուհիների մեջ էլ կան նման գեղեցկությամբ աղջիկներ: Սլավոնական արտաքինով աղջիկների էլ եմ սիրում: Կարևորը` աղջիկը սիրուն լինի, որ սիրուն եղավ` սլավոնական արտաքինն էլ, արաբական արտաքինն էլ սիրում եմ: Ինձ մեր հայ աղջիկները դուր են գալիս: Ճիշտ է, կան բաներ, որ ինձ դուր չեն գալիս, բայց սիրուն են մեր աղջիկները:

– Ի՞նչը քեզ դուր չի գալիս հայ աղջիկների մեջ:

– Հագուստի, մազերի գունային գամմայի ընտրությունը, շպարը: Բացի դա էլ, հայերը տաք են, ավելի մեծ էներգիա են փոխանցում, դա ինձ շատ է դուր գալիս: Ես կարևորում եմ շպարի ձևը, չափը, չեմ կարող ասել, որ չեմ սիրում, երբ կինը շպարված է, բայց ամեն բան չափի մեջ եմ սիրում: Օրինակ, արտասահմանցի ընկերներ ունեմ, որոնք չեն շպարվում, դա ինձ ավելի է դուր գալիս:

– Անձնական կյանքում փոփոխություններ սպասվո՞ւմ են:

– Ո՛չ: Սենց լավ ա:

Տեսանյութեր

Լրահոս