
Վրաստանի ՊՆ-ում վրաց-ամերիկյան համաձայնագրի իրագործման հարցերն են քննարկվել

Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը Թբիլիսիում հանդիպել է Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարության՝ ռազմավարական, քաղաքական ու պլանավորման հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն, ծովակալ Մարկ Մոնտգոմերիի հետ: Այս մասին, ըստ վրացական apsny.ge-ի, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են 6 կետից բաղկացած վրաց-ամերիկյան համաձայնագրի իրագործմանն առնչվող հարցեր: Շաշկինը շնորհակալություն է հայտնել Մոնտգոմերիին՝ համաձայնագրի իրագործման հարցում արդյունավետ համագործակցության համար:
Շաշկինը հատուկ ընդգծել է նախորդ շաբաթ ամերիկացի փորձագետների խմբի ժամանումը Վրաստան, որոնք տեղում հետազոտել են Վրաստանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները և դրա ամրագրման համար անհրաժեշտ միջոցները: Շաշկինն ու Մոնտգոմերին քննարկել են նաև Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությունում Վրաստանի մասնակցության հարցը:
Շաշկինը կարևորել է Աֆղանստանում տարվող օպերացիաներին Վրաստանի ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է տալիս սեփական ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ միջազգային պայքարում և համաշխարհային կայունության ու անվտանգության ապահովման գործում: Շաշկինը հավելել է, որ Վրաստանը կշարունակի իր տարածքով ՆԱՏՕ-ի ռազմական բեռների տարանցումը դեպի Աֆղանստան: