
Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտորին ներկայացրել է աշխատանքային գերակայությունները:
«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ: Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլեւ արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը։
Նա շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարեւորում է նաեւ, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան: