Խորհուրդ Սուքիաս Ավետիսյանին՝ խելոք նստիր ու գլուխը կախ զբաղվիր պատգամավորական աշխատանքով
Գյումրիի քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանն արձագանքել է «Առավոտում» տպագրված` «ՀՀԿ պատգամավորը` Բալասանյանին. «Կան մարդիկ, որոնք ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել» հրապարակմանը:
Պատասխանում ասված է. «Առնվազն տարօրինակ է, երբ ՀՀԿ ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իրեն իրավունք է վերապահում խեղաթյուրված մեկնաբանել պարոն Բալասանյանի հասցեին հանրապետության նախագահի հնչեցրած խոսքը: Հատուկ Սուքիաս Ավետիսյանի համար կրկնում եմ, որ Գյումրի կատարած այցի ժամանակ Հանրապետության նախագահը խոսեց քաղաքապետի պաշտոնում պարոն Բալասանյանի թեկնածությունն առաջարկելու, այլ ոչ թե առաջադրելու մասին:
Հիշեցնեմ պատգամավորին, որ Սամվել Բալասանյանի թեկնածության առաջադրումը եղել է ԲՀԿ ի կողմից: Հուսով եմ՝ Ավետիսյանը ժամանակ կգտնի և կկարդա հայոց լեզվի բացատրական բառարաններից մեկն ու այսուհետ կտարորոշի առաջարկել և առաջադրել բառերի տարբերությունը: Կարծում եմ նաև, որ հանրապետական պատգամավորը ճիշտ կանի հարազատ կուսակցությանը բացատրություններ տալ, թե Գյումրիում կայացած ընտրությունների ժամանակ ում թեկնածությունն էր նա պաշտպանում և արդյոք բավարար չեն ապացույցներն առ այն, որ վերջինս դեմ է գնացել ՀՀԿ-ի կայացված որոշմանն ու արդյոք չի սատարել ՀՅԴ-ի թեկնածուին:
Խորհուրդ եմ տալիս վերջինիս նաև խելամիտ գտնվել և խելոք նստած ու գլուխը կախ զբաղվել պատգամավորական աշխատանքով ու որպես գյումրեցի աջակցել քաղաքի զարգացմանը:
Նաև կոչ եմ անում բոլորին, որպեսզի հետայսու պարոն Բալասանյանի անձին ու գործունեությանը վերաբերող հարցերով պարզաբանումներ ստանալու համար դիմել կամ անձամբ Սամվել Բալասանյանին, կամ ինձ, քանզի որպես Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ օժտված եմ համապատասխան լիազորություններով»: