«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների շուրջ վեճը հավերժ կլինի, մանավանդ վիճող կողմը` Ադրբեջանը, բավական հզոր երկիր է տնտեսական, քաղաքական առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Եվ, բնականաբար, պետք է նոր խաղաքարտեր մտածել այս հարցի լուծման շուրջ. այդ խաղաքարտը մտածվել էր 1994-95թթ., որ այնտեղ հրավիրել ապրելու ադրբեջանցի փախստականներին, և ընդհանրապես դա կենսատարածք է: Պրոցեսը լավ սկսվեց 1994-95-ին, իսկ հիմա մարեց: Եվ քանի որ այդպիսի պրոցես չկա, ես ձեզ կարող եմ ասել, որ, կախված արտաքին հանգամանքներից, կախված, թե որ երկիրը, նկատի ունեմ այս աշխարհի, ում է հովանավորում, մենք անընդհատ այդ վեճի մեջ կլինենք: Եվ չեմ կարծում, որ խնդիրն առաջիկայում քաղաքականապես հնարավոր կլինի շարժել մեկ կամ մյուս կողմը, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում սպասվում է պատերազմ»,- ասաց Բագրատյանը:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե այսինքն` հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Անպայմա´ն, Ադրբեջանը դրան է պատրաստվում, ինչի՞ մասին է խոսքը: Իսկ մենք հերթական եկեղեցական տոնն ենք ման գալիս, որ աշխատանքի չգնանք: Ադրբեջանի նախագահը հայտարարում է, մարդն արդեն 40 մլրդ դոլարի զենք է գնել: Դուք երեխա՞ եք, ես նույնիսկ զարմացա Ձեր հարցի վրա: Ադրբեջանն այսօր գնում է հեռահար հրետանի, անօդաչու ինքնաթիռներ: Ինչո՞ւ է Ադրբեջանը արբանյակ բաց թողնում, որպեսզի նկարի Հայաստանի մինչև վերջին ավտոմատը: Դուք դա չգիտե՞իք: Դուք Ադրբեջանի գնած զենքի տեսակները չգիտե՞ք: Նա արկ չի առնում, Ադրբեջանը անօդաչու սարքեր է գնում, կառավարվող հրետանի»: